Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի պատրաստվում գնալ հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ նախագահի թկենածուն չի գնա հիվանդանոց, բայց պատրաստ է հացադուլի վայրում արյան եւ այլ անալիզներ հանձնել: Արմեն Գրիգորյանը ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է, ճնշումը նորից չեն չափել, իսկ ցերեկվա տվյալներով' 110/60 է:
Նշենք, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այսօր' փետրվարի 8-ին, այցելել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին. նրանք պայմանավորվել են, որ մոտ օրերս համալիր բուզննում կիրականացվի Անդրիաս Ղուկասյանին առողջական վիճակին գնահատական տալու համար: Նախարարը նշել է, թե կան հետազոտություններ, որոնք պահանջում են լրացուցիչ գործիքային եւ այլ տիպի քննություններ, որը պարտավոր են իրականացնել հիվանդանոցային պայմաններում: «Ես պարոն Ղուկասյանին խնդրեցի, որ նա առաջիկա 1-2 օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում, որտեղ ինքը հարմար գտնի, հետազոտություններ անցնի: Հետազոտություններին կմասնակցեն Հանրապետության գլխավոր մասնագետները եւ գնահատական կտան նրա առողջական վիճակի մասին: Պարոն Ղուկասյանը մեզ խոստացավ, որ մինչեւ օրվա վերջ մեզ կտեղեկացնի ժամը եւ այն կլինիկայի անունը, որտեղ ինքը կցանկանար հետազոտվել»,- ասել է Դերենիկ Դումանյանը, հավելելով, որ սա անհրաժեշտություն է' անդառնալի հետեւանքներից խուսափելու համար: Նրա խոսքով' եթե Անդրիաս Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, իրենք կմտածեն նրան հոսպիտալազիցիայի մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա' կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը: