Դուշանբեում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործունեությունն արգելված է Ռուսաստանում, սպառնում է Մեքքային, Մեդինային, Երուսաղեմին, ինչպես նաև Եվրոպային և Ռուսաստանին:
«Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը շատ լուրջ է, այսպես կոչված «Իսլամական պետությունը» վերահսկում է զգալի տարածքներ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Ահաբեկիչները հրապարակավ ասում են, որ սպառնում են Մեքքային, Մեդինային, Երուսաղեմին: Նրանք ծրագրում են գործունեություն տարածել Եվրոպայում, Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավ-Արևելյան Ասիայում: Մեզ հենց դա է անհանգստացնում», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով` «ԻԼԻՊ-ի շարքերում գաղափարախոսական քարոզչություն և ռազմական ուսուցում են անցնում աշխարհի շատ երկրներից գրոհայիններ, այդ թվում, ցավոք, եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներից: