Միայն հեղուկներ օգտագործող հացադուլավորը կարող է դիմանալ մինչեւ 30 օր, իսկ առանց հեղուկների' 20 օր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տարբերում ենք հացադուլի երկու տեսակ' «չոր» եւ «խոնավ»: «Չորը» հացադուլի ավելի կոշտ տեսակն է, երբ ոչինչ չի օգտագործում, իսկ «թացը», երբ օգտագործում է հեղուկներ, մասնավորապես' ջուր: Բժիշկը շեշտեց, որ երկուսի ժամանակ էլ օրգանիզմում տեղի են ունենում բարդ փոփոխություններ, քայքայվում է օրգանիզմի սպիտակուցները, ճարպերը, որոնք վեր են ածվում ջրի եւ մի որոշ ժամանակ օրգանիզմը պահում են: Սակայն հետագայում ջրի բալանսը օրգանիզմում պակասում է, ինչը հանգեցնում է նրան, որ հիվանդի ճնշումը սկսում է տատանվել, աղիներում ինֆեկցիան գլուխ է բարձրացնում: «Ճնշման անկումը մի կողմից, ինֆեկցիան մյուս կողմից բերում են հիվանդի ընդհանուր վիճակի բարդացման: Եթե հիվանդը հիգենան չի պահպանում' ատամները լվանալ, բերանը ողողել, առաջանում է ինֆեկցիոն վարակ, այդ բոլորը բերում է հիվանդի թուլության, ճնշման տատանման»,- ասաց Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ այդ ժամանակ հիվանդները գամված են լինում անկողնուն, չեն ուզում շարժվել, որպեսզի ավելորդ էներգիա չծախսեն: «Եթե ջուր է օգտագործում, կարող է դիմանալ մինչեւ 30-35 օր, իսկ չոր հացադուլի դեպքում կարող է դիմանալ մինչեւ 18-20-25 օր»,- ասաց նա: Բժիշկը նշեց, որ ճիշտ է ջուրը խմել գոլ վիճակում, քանի որ սառը ջուրն անթույլատրելի է, իսկ լիմոնադի եւ այլ ըմպելիքների օգտագործումը' վնասակար: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ եթե հացադուլ անողը գոնե հեղուկ է ընդունում, ապա ճնշումը շատ չի տատանվում, ճնշման անկումը լինում է 13-15-րդ օրից, այդ ժամանակ այն կարող է լինել 90, 80, 70:
Գագիկ Մանուկյանը նշեց, որ որքան ճնշումն ընկնում է, այնքան անկառավարելի վիճակ է առաջանում: երկրորդային օրգանների բարդություններ «Աղիներում կուտակվում է ոչ լրիվ քայքայված պրոդուկտից առաջացած տոքսիներ, ինտոքսիկացիոն վիճակ, եւ այդ տոքսիներից թունավոր երեւույթներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է հիվանդի մոտ ջերմության բարձրացման, ճնշման տատանման»,- ասաց նա:
Բժիշկն ասաց, որ հիվանդի ռեաբիլիտացիան պետք է աստիճանաբար արվի, միանգամից կերակրել չի թույլատրվում, պետք է սկսել կաթիլայինից, հեղուկների օգտագործումից, այնուհետեւ մթերքը օգտագործել շոգեխածաշ վիճակում:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա' կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը: