ՀՀ նախագահի 3 թեկնածուների՝ Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր միավորումը արդեն 20-րդ օրը հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրատեսական չի համարում և վստահեցնում է, որ միավորվելու դեպքում էլ իր քայլերն ու դիրքորոշումը չեն փոխվի:
«Իմ դիրքորոշումը հստակ է, և ես համարում եմ, որ միավորվեն, թե չմիավորվեն, չեն կարող ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա, քանի որ Սերժ Սարգսյանը Գյումրիում դրա մասին պարզ հայտարարեց «ինչքան ուզենք, այդքան էլ կխփենք» արտահայտությամբ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և որպես լրացում նշեց. «Ես կարող եմ այդ խոսքին հավելել նաև «ում ուզենք, նրան էլ կխփենք» արտահայտությունը»:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայրիկյանի Սահմանադրական դատարան դիմելու որոշման փոփոխականությունը անորոշության մասին է վկայում, քանի որ նրա համար եղել է անորոշ քաղաքական վիճակ, և նա չէր կարողանում հստակ կողմնորոշվել:
«Ինձ ավելի շատ մտահոգում է Հայրիկյանի գործի քրեական բաղադրիչի հարցը։ Հիմա ես դա դիտարկում եմ որպես գործիք իշխանությունների ձեռքում, որովհետև տեսնում եմ վտանգ, որ իշխող կուսակցությունը ազատ է մեղադրելու ցանկացած քաղաքական գործչի, որին կհամարի իր համար վտանգավոր»,- ասաց թեկնածուն՝ վստահեցնելով, որ այդ առումով կունենանք հերթական անհասկանալի քրեական գործը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում հացադուլ անելու իր քայլի մասին տարատեսակ կարծիքներին, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Մարդիկ, ովքեր որ ասում են, որ իմ պահանջն իրատեսական չէ, ուրեմն համաձայն են ապրել ոչ սահմանադրական կուսակցության կառավարման ներքո, ես համաձայն չեմ դրան և պայքարում եմ դրա դեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից՝ հունվարի 21-ից, դիմել է հացադուլի և պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։ Նա նաև պահանջում է, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից։