Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե:
Տպավորություն է, որ քաղաքացիների շրջանում հանրաքվեի հանդեպ չկա այն նույն հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը, ինչ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենք տեսնում:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ ճշտելու, թե ինչ մթնոլորտ է Արագածոտնի մարզում, որքանով են բնակիչները հետաքրքրված հանրաքվեով և սահմանադրական փոփոխություններով:
«Հասարակության ներգրավվածությունը բարձր մակարդակի է»,- ասաց Սահակյանը:
Անդրադառնալով «Այո՞, թե՞ ոչ» հասարակության տրամադրվածության վերաբերյալ հարցին, Սահակյանն ասաց. «Շատ լավ տրամադրություն է, «այո»-ն գերակշիռ մեծամասնություն է կազմելու, շատ-շատ մեծ»:
Նշենք, որ քարոզարշավի շրջանակներում և սոցցանցերում, «Ո՛Չ» քարոզարշավն, ըստ հնչող տեսակետների, այս պահին ավելի շահեկան դիրքեր ունի, քան «ԱՅՈ»-ն, իսկ թե որտեղից մարզպետի վստահությունը, որ «Այո»-ն Արագածոտնի մարզում բացարձակ մեծամասնություն է կազմելու, տեղիք է տալիս մտածելու, որ Արագածոտնի մարզում իշխանությունները զարտուղի ճանապարհով արդեն իսկ կարողացել են ապահովել իրենց «ԱՅՈ»-ն:
Գայանե Համբարձումյան