ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը պահանջել է փակել մուսուլմանների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ նրանք «ատում են ամերիկացիներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դոնալդ Թրամփը կոչ է անում լիովին դադարեցնել մուսուլմանների մուտքն ԱՄՆ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր ներկայացնում են երկիրը, չեն հասկանա՝ ինչ է տեղի ունենում»,- ասված է քաղաքական գործչի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը հնչել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին, որտեղ Սան Բեռնարդինո քաղաքում մուսուլման ամուսիններն անցած շաբաթ գնդակահարեցին 14 մարդու:
Հայտարարության մեջ ներկայացված են սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնց համաձայն «ԱՄՆ-ի մուսուլման բնակչության զգալի մասն ատելություն է տածում ամերիկացիների նկատմամբ», իսկ «հարցվածների 25 տոկոսը համաձայն է, որ ամերիկացիների նկատմամբ բռնությունը գլոբալ ջիհադի բաղկացուցիչ մասն է», ընդ որում այդ մարդկանց կեսն այն կարծիքին է, որ Ամերիկայի մուսուլմանները պետք է իրավունք ունենան ապրել շարիաթի օրենքներով:
Ներկայում Թրամփը առաջատարն է հանրապետական թեկնածուների շրջանում: ԱՄՆ-ում պետության ղեկավարի ընտրությունները պետք է տեղի ունենան 2016 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: