Խարկովում Roshen ֆաբրիկայի խանութում այսօր՝ դեկտեմբերի 9-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը՝ փոխանցում է УНИАН-ը:

 

Միջադեպը գրանցվել է «Դաֆի» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղակայված տաղավարում:

 

Պայթյունի հետևանքով կոտրվել են ցուցափեղկերի ապակիներն ու մուտքի դուռը: Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան:

 

Ականատեսների խոսքով, պայթյունից առաջ կենտրոնի մոտ գտնվող լցակայանում դեղին վերնահագուստով տղամարդու են տեսել, որի հագուստի վրա գրված է եղել «Ուկրաինա»:

 

Դեպքի վայր են ժամանել Ազգային ոստիկանության գլխավոր վարչության Խարկովի մարզի ղեկավարությունը, օպերատիվ-քննչական խումբը, փորձագետներ, Ուկրաինայի անվտանգության ծառայության և դատախազության ներկայացուցիչներ: