Ռուսական զորքերի և նրանց դաշնակից հայերի մարտական հնարավորությունների բարձրացումն ու Հայաստանում ռուսական բազայի ամրապնդումն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի մոտակայքում Ադրբեջանի զորավարժություններով, գրում է Независимая газета-ն։
Հատուկ նշանակության ուժերը և 102-րդ ռուսական ռազմաբազան հայկական զորքերի հետ համատեղ շարժվել են դեպի լեռնային հրաձգարաններ՝ հատուկ զորավարժություններ անցկացնելու համար։
Ադրբեջանի զորքերն այդ ընթացքում կենտրոնացել են այսպես կոչված Տերտերի շփման գծում և այստեղ լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում։
Պարբերականը գրում է, որ Տերտերի շրջանի մեծ մասը, ինչպես և Ադրբեջանի այլ տարածքներ, այս պահին վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, որոնց դաշնակիցը Հայաստանի զորքերն են։
НГ-ի հոդվածագիր Վլադիմիր Մուխինը նշում է, որ պաշտոնական տվյալներով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քայլերը պլանային միջոցառումներ են, սակայն մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ տարածաշրջանում պայթյունավտանգ իրադրություն է զարգանում։ Նման իրադրության մասին հոդվածագրի դիտարկումները ներկայացնում ենք ստորև.
Առաջին. հակամարտության գոտում ակտիվ զորավարժություններ Ադրբեջանն սկսել է անցկացնել վերջերս։ Նրանք հակասում են Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությանն ու ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նրանք պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում թե՛ օդում, թե՛ցամաքում։ Ռազմական լեզվով ասած՝ դա ուժի ցուցադրություն է։ Միայն անցյալ տարի նման զորավարժություններ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանատարությամբ անցկացվել է երկու անգամ՝ փետրվարին և հուլիսին։
Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ դրանց ընթացքում օգտագործվում են «ադրբեջանական բանակի ամենաժամանակակից զինատեսակները»։
Այժմ էլ զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ավիացիան, հակահրթիռային պաշտպանությունը, այլ նաև ցամաքային ուժերը։
Զորավարժությունները կտևեն առնվազն մեկ շաբաթից ավելի, սակայն արդեն մարտին Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի հատուկ ուժերի մասնակցությամբ կկայանան համատեղ «Կովկասյան արծիվ- 2013» զորավարժությունները։
Երկրորդ. Տերտերի զորավարժություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի համար ամենախոցելի վայրում։
Տեղանքն այստեղ հարթավայրային է և ձգվում է Ստեփանակերտ-Բաքու ավտոմայրուղու երկայնքով, որի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կարևոր օբյեկտներ կան, այդ թվում՝ օդանավակայանը, որը հայկական կողմը մտադիր է գործարկել և որին սպառնացել է հարված հասցնել Ադրբեջանի ռազմական հրամանատարությունը։
Երրորդ. Տերտեր քաղաքն այն բնակավայրն է, որտեղ 1994թ.-ի մայիսին ավարտվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի և Ադրբեջանի զորքերի մարտերը։ 1994թ.-ի մայիսի 12-ին ստորագրվել է Բիշքեկի արձանագրությունը, որով ամրագրվել էր ղարաբաղյան պատերազմի ավարտը։ Սակայն հավանականություն կա, որ հենց Տերտերի շրջանից էլ հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը։
Տերտեր քաղաքը, որը 1994թ.-ին անառիկ ամրոցի էր վերածվել և որը չէին կարողացել վերցնել հայկական զորքերը, կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
«Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքն ունի լեռնային ռելիեֆ, որում կազմակերպված է արդյունավետ և ոչ թանկ պաշտպանություն։ Սակայն միայն հարավ-արևելքում, որտեղ հարթավայրային տեղանք է՝ Տերտերի և Աղդամի շրջանների մոտակայքում են ձևավորվել բազմաէշելոնային խրամատային գիծ և այլ ինժեներական կառույցներ։ Բացառված չէ, որ ադրբեջանական զորքերի զորավարժությունները կապված են հենց ԼՂ հայկական բանակի մարտահենադաշտային դիրքը ճեղքելու առաջադրանքի հետ»,-կարծում է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով երկար տարիներ ծառայել է Կովկասում։
Ի դեպ, հենց նա է 2008թ.-ի հուլիսին կանխատեսել Վրաստանի պատերազմը Հարավային Օսիայի դեմ, երբ Թբիլիսին ԱՄՆ-ի մասնագետների հետ զորավաժություններ էր սկսել չճանաչված հանրապետության սահմանին։
Փորձագետը վստահ չէ, որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սկսելիք ռազմական գործողություններում կներքաշվեն ռուսական զորքերը։ Սակայն ռազմական գործողությունների սկսման հավանականությունը նա բարձր է գնահատում։
Նետկաչևի հետ համամիտ է նաև ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը։ «Կասկած չկա, որ Ադրբեջանը քննարկում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նախագիծը։ Չնայած միջազգային հանրությունը դեմ է նման գործողություններին, սակայն տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն հույս ունի կայծակնային ռազմական գործողությամբ «ազատագրել» տարածքները։ Դա, իհարկե, շատ ավանտյուրիստական քայլ է, որն ուղղակի առնչվում է Ռուսաստանի շահերին։ Սակայն դա հնարավոր է։ Հավանական է նաև, որ Թուրքիան կմասնակցի հակամարտությանը»,-ասել է փորձագետը։
Պոպովն ուշադրություն է դարձնում այն բանին, որ այս պահին Հայաստանի «Կամհուդ» ուսումնավարժական համալիրում մարզվում են 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հետախուզական կազմակերպություններ, որոնք, հայկական ստորաբաժանումների հետ համատեղ կստեղծեն հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների հիմքը։
Բացի այդ, բարձրլեռնային ուսումնավարժական «Ալագյազ» համալիրում հրաձգություն են իրականացնում 102-րդ բազայի տանկային գումարտակի զինծառայողները։
«Հատուկ նշանակության ուժերը, հետևակն ու տանկիստները, որոնց հիմքում ռազմական պրոֆեսիոնալներն են, պետք է փակեն թուրքական ուղղությունը»,-կարծում է փորձագետը։
Նա վստահ է, որ Ղարաբաղի համար նոր պատերազմի դեպքում այնտեղ կմեկնեն ռուս խաղաղապահները։ «Բացառված չէ, որ խաղաղարարական գործողությունը կիրականացվի ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ 2012թ.-ի սեպտեմբերին կոլեկտիվ պաշտպանության հարցերի շրջանակներում այդ հարցն արդեն քննարկվել է»,-ասում է Պոպովը։