Հավաքականում պետք է խաղան բոլոր լավագույնները: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ստեղծել թիմ, որի հետ բոլոր մրցակիցները հաշվի կնստեն: Այս մասին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

«Երջանիկ եմ հավաքականը գլխավորելու համար, բայց կրկնակի երջանիկ կլինեմ, երբ մեր թիմը հայ ժողովրդին ուրախացնի հաղթանակներով:Հավաքականում բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Բավարարում են փորձառու խաղացողները: Կարծում եմ՝ փորձի և երիտասարդության համադրումը կբերի մեզ ցանկալի արդյունքի: Բացի դրանից, կան հեռանկարային խաղացողներ, ովքեր տարբեր պատճառներով հավաքական չեն հրավիրվել: Հիմա բոլորն իրենց ուժերը ցույց տալու հնարավորություն կստանան, իսկ մենք արդեն կընտրենք լավագույններին: Հավաքականում պետք է խաղան բոլոր լավագույնները: Իհարկե, հայրենասիրությունը կարևոր է, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է վարպետություն, փորձ, հաղթանակների ծարավ, հավատ՝ սեփական ուժերին: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է ստեղծել կատարյալ թիմ, սակայն ոչ բոլորին է հաջողվում դա: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ստեղծել թիմ, ում հետ բոլոր մրցակիցները հաշվի կնստեն»,- ասել է մարզիչը:

Խոսելով աշխարհի առաջնության որակավորման փուլում մեր ընտրանու հնարավորություննների մասին՝ հավաքականի մարզիչն ասել է.

«Կարծում եմ՝ խումբն ուժեղ է, քանի որ գրեթե բոլոր թիմերը հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին: Հեշտ չի լինելու, և դա հիանալի հասկանում եմ: Պարզապես պետք է աշխատենք և մեր ֆուտբոլիստների մոտ իրենց ուժերի հանդեպ հավատ ներշնչենք ու ոգեշնչենք նաև, որ յուրաքանչյուր խաղում կարող ենք հաղթել և արդյունքի հասնել: Դա մենք կապացուցենք մեր խաղով»:

Անդրադառնալով ազգային ընտրանու ավագին՝ Վարուժան Սուքիասյանը նշել է.

«Համաձայն եմ, որ Հենրիխը մեր առաջատարն է: Համոզված եմ՝ իմ թիմում նա կլինի ոչ միայն առաջատար խաղացող, այլև թիմի ոգին: Բայց նույնիսկ Մխիթարյանը միայնակ ոչինչ չի կարող անել: Կան նաև այլ հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր նրա հետ պետք է արդյունք ստեղծեն՝ Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին և այլք: Պարզապես համոզված եմ, որ կարող ենք լավ թիմ ստեղծել ոչ միայն աշխարհի 2018թ-ի առաջնության որակավորման փուլի, այլև ապագայի համար:

Թիմում մթնոլորտը փոխելն առաջնային է, սակայն դա միայն խոսքերով անել անհնար է: Մեզ պետք են ընկերական խաղեր: Մինչև սեպտեմբեր ժամանակ ունենք: Մինչ որակավորման փուլը, պետք է մաքսիմալ օգտագործենք ընկերական խաղեր անցկացնելու հնարավորությունը: Դա կօգնի որոշել կազմը, ինչպես նաև թիմը վստահություն ձեռք կբերի»:

Խոսելով այն մասին, որ հավաքականի մարզչի գլխավոր խնդիրը պատրաստելն է թիմ, որը նրա տրամադրության տակ է գտնվում ընդամենը 4-5 օր, մեր հավաքականի գլխավոր մարզիչը նշել է.

«Իսկապես դժվար է նման ժամանակահատվածում պատրաստել թիմին: Սակայն դա հավաքական է, այնտեղ պետք է խաղան լավագույնները: Շատ կարևոր է, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները: Մենք չենք նայելու անուններին, այլ պատրաստվածությանը: Խաղային ձեռագիր կստեղծենք ընկերական խաղերում: Հայաստանում մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստներ կան: Դրա հետ մեկտեղ չպետք է մոռանանք, որ ներկայացնում ենք մեր ողջ ֆուտբոլը և մեր երկիրը»: