Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Turan լրատվական գործակալությունը, այդ նպատակով ադրբեջանական կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող օրենքի ընդունումը:
Օրինագիծը հայտնվել է այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվել էր ազատ արձակել մոտ 100 քաղաքական բանտարկյալների' ժխտելով նման կատեգորիայի բանտարկյալների գոյությունն ընդհանրապես:
Քրիստոֆեր Սմիթի օրինագծի ի հայտ գալուց հետո ադրբեջանական իշխանութունները պայմանագիր են կնքել Podesta Group-ի հետ եւ պետք է ամսական նվազագույնը նրան 50 հազար դոլար վճարեն Ադրբեջանի կառավարության վարկանիշը բարելավելու ջանքերի եւ Կոնգրեսում օրինագծի շրջափակման նպատակով աշխատանքի համար:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն' «հասարակայնությա հետ կապերի գծով ծառայություններ մատուցելու» մասին համապատասխան համաձայնությունը փետրվարի 1-ին ստորագրվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի եւ Podesta Group կազմակերպության միջեւ:
Մասնավորապես, Podesta Group լոբբիստական կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը երաշխավորում է Վաշինգտոնում որոշ առավել ազդեցիկ մարդկանց մոտ մուտքի հնարավորություն, ինչի համար պետք է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից ստանա ամսական նվազագույնը 50 հազար դոլար, գումարած փող' լրացուցիչ ծառայությունների համար, ասվում է փաստաթղթում:
Մասնավորապես, Podesta Group-ի պարտավորությունները շարադրված են հետեւյալ կերպ. հետազոտել եւ վերլուծել մտահոգություն ստեղծող հարցերը, իրավական խորհրդատվություն ցուցաբերել ամերիկյան քաղաքականության, Կոնգրեսի գործունեության, գործադիր իշխանության եւ ամերիկյան ընդհանուր քաղաքականության գծով, շփումներ հաստատել Կոնգրեսի անդամների եւ նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Սմիթի 14- էջանոց օրինագիծն ընդունվել էր դեկտեմբերի 16-ին: Ներկա դրությամբ այդ փաստաթուղթը պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ջո Հեքը եւ Լուիզա Սլոթերը:
Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:
Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության համար:
Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտագության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:
Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:
Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ' օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները: