Այսօր ամփոփիչ ասուլիս էր հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ում գնահատմամբ' ընթացել է անհավասար պայքար, տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի համատարած խախտումներ, որոնցից մի քանիսին դեռ օրեր առաջ ինքն անդրադարձել է:

Դրանցից են, օրինակ, Ապարանի պոլիկլինիկայի պատերին փակցված Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառները, որոնք, ըստ Ր. Հովհաննիսյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն իր նախազգուշացումից հետո հանեց: «Սրանով հանդերձ, ես պայքարից հրաժարվող չեմ, և կրկնում եմ' շարքային հայաստանցին կողմնորոշվել է: Եթե այս վիճակով փետրվարի 18-ին գնանք ազատ, արդար ընտրությունների, առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը, և ունենալու ենք նոր նախագահություն: Իսկ եթե փողը, որ հիմա Գյումրիի, Ավանի տարբեր թաղամասերում բաժանվում է (մի ամիս առաջ չէին ուզում, բայց ոնց որ վերանայել են' պլան Բ' բաժանեք), եթե անգամ այսպես շարունակվի, եթե կրկնակի քվեարկության փորձ լինի, մենք հետևելու ենք' ընտրատեղամաս առ ընտրատեղամաս, և անգամ, եթե մեկ ապացույց գտնենք, որ որևէ մեկը' Հայաստանի քաղաքացի, ամերիկահայ, ջավախահայ, գա և հակահայկական, հակասահմանադրական գործ անի' զինվորին, ուսուցչին ուղղորդելով դեպի ստիպողական քվեարկություն, բացակաների փոխարեն քվե տալով, ով անի՝ պատասխան է տալու»,- ասաց Ր. Հովհաննիսյանի, ում կարծիքով' Սերժ Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է շատ պաշտոնյաներից: «Որովհետև ինքն ունի սովորելու, լսելու, սխալներ ընդունելու ունակություն: Եվ դուք հետևել եք թե՛ իմ խոսքին, թե՛ նրա խոսքին, և ինքը ցույց է տվել, որ ունի այդ հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն ազատ թողնի իր մարզպետներին, շտաբի պետերին, գյուղապետերին, քաղաքապետերին, հրամանատարների միջոցով շարքային քաղաքացուն»,- նկատեց նախագահի թեկնածուն' նշելով, որ ընդհանրապես ընտրությունների հեքիաթն ավարտվում է, և վաղը, ժամը 17:00-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա իր ավարտական հանդիպումը, իսկ ընտրություններից հետո' ամսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ին իր ասուլիսը կտա «Ազատության» հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի' իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը և նրա հայրը' Ռիչարդ Հովհաննիսյանը, եղել են մասոնական օթյակի անդամներ, ինչպես նաև՝ ինքը մասնակցություն ունի ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Նրա ասելով, որ իրեն ճանաչողները գիտեն, որ ընդունում է հիմնավոր քննադատությունը, բայց ժխտում է կեղծիքն ու սուտը: «Այդ սուտ վկայության համար, ինձ թվում է' ինքը պատասխան պետք է տա Դատախազության առջև կամ Հայաստանի օրենքին համապատասխան, ոչ թե՝ որովհետև մասոնական լոժաների անդամակցությունն օրենքով արգելված է, ամեն մեկն իր իրավունքն ունի, բայց ես երբևէ չեմ եղել դրա անդամը, ինչպես նաև հայրս' Ռիչարդ Հովհաննիսյանը, որը հայագիտության և արդի հայոց պատմության ռահվիրա է եղել Հայաստանում և Հայաստանից դուրս: Դա սուտ է, և եթե ինքը վկայություն ունի, որ ես կապ ունեմ որևէ տեսակի բռնության հետ երբևէ որևէ մեկի նկատմամբ, Դատախազությունը պետք է որոշի, և ես պատրաստ եմ պատասխանել Դատախազության հարցերին, և նույնն ակնկալում եմ իրենից»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ Վ. Սեդրակյանը եղել է իր պայքարակից Անահիտ Բախշյանի աշակերտը, և 2002թ. Ա. Բախշյանի միջոցով հանդիպել են: «Այն ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, ինքը փորձում էր էպոսը կիրառել նաև ինձ վրա: Եվ ինձ վերագրում էր էպոսի ինչ-որ դերակատարություն: Իսկ իմ համեստությունն իր հանդեպ եղավ, և ասացի, որ ես կապ չունեմ էպոսի հետ»: