Օրեր առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր խոսքում նշել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որ այն անձինք, ում փորձում են որպես քաղբանտարկյալ ներկայացնել, հենց Եվրախորհրդի չափանիշներով չեն դիտվում որպես քաղբանտարկյալ: Պատգամավորի կարծիքը կիսեցին նաև այլ մարդիկ, քաղաքական, հասարակական տարբեր գործիչներ, սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր, և գրեթե բոլոր դեպքերում քաղաքական և հասարակական սեկտորի մի շրջանակի կողմից նման կարծիքները ընդունվեցին սվիններով, արժանացան ոչ ադեկվատ արձագանքի, մինչև ընդհուպ՝ անձնական վիրավորանքների, նման կարծիք արտահայտողները վերոհիշյալ շրջանակի կողմից պիտակավորվեցին, և այդ ամենն արվեց կոռեկտության սահմանները խախտելով: Հասկանալի է, որ խոսքս հիմնականում արևմտամետ-լիբերալ ուղղվածությանը հարող մի շարք գործիչների և նրանց համակիրների մասին է:

 

Հիմա երեկ նույն կարծիքը հնչել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի կողմից, ով փաստացի ասել է, որ Եվրախորհրդի գնահատմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Բայց այս դեպքում ես չեմ տեսնում վերոհիշյալ նույն ագրեսիվ շրջանակի ագրեսիվ արձագանքները, հարձակումները, պիտակավորումները, անձնական վիրավորանքները ՀՀ-ում ԵՄ դեսպանի և ընդհանրապես՝ Եվրամիության հասցեին: Ու՞ր եք, տիկնայք և պարոնայք, կամ՝ տղաներ ու աղջիկներ, ինչու՞ չեք հայտարարում, որ Հայաստանում ԵՄ դեսպանն էլ է «իշխանություններին ծախված», կամ «Բաղրամյան 26-ի գործակալ»: Ու՞ր եք, ու՞ր է «քափսլոք» լատինատառով գրողների «գումարտակը»՝ «CAR U NAXAND»-ների մասին իրենց մեկնաբանություններով:

 

Լռում եք: Միգուցե համապատասխան հրահանգ չկա՞, թե՞ եթե ԵՄ դեսպանն է ասել, ուրեմն, իսկապես, ոմանք քաղբանտարկյալ չեն: Փաստորեն, իսկապես որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, նաև ինչպես ասում են՝ Եվրոպայի ներկայացուցչի խոսքերն անքննելի են:

 

Կարեն Վարդանյան