Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթը՝ Ծիծեռնակաբերդում.

 

«Շնորհավորում եմ ամենքիս այս հրաշալի տոնի կապակցությամբ: Մարտի 5-ը մեր ազգային տոնացույցի կարևորագույն օրերից է, հիրավի հպարտ օր: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միությանը, աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին, շնորհավորում եմ մեր հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հայորդիներին, հերոսներ ծնող մեր հերոս մայրերին: Հատուկ շնորհավորանքներս մեր ազգի մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին, որ հայ ազգին Սպարապետ է պարգևել: Թույլ տվեք բոլոր ներկաների անունից բարձրաձայն հնչեցնել՝ ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ:

 

Հարգելի´ ներկաներ, Հայաստան, Արցախ պետությունները կայացել են, հայրենյաց սահմանների անվտանգությունը պահպանվել են, այսօր էլ պահպանվում են քաջարի հայորդիների արյան և առողջության գնով: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր հերոս նահատակների հիշատակը' Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Սպարապետը մեծություն է՝ բոլոր ժամանակների ամենահզոր անհատականություններից մեկը: Դեռ մինչև պետություն ունենալն էլ Վազգեն Սարգսյանն ազգի նվիրյալ էր, մեզանից մեկն էր, բայց և առաջամարտիկ էր: Վազգեն Սարգսյանին Սպարապետ կոչումը մենք տվեցինք, հայ ժողովուրդը տվեց, կարելի է ասել' նա համազգային քվեով ընտրվեց Սպարապետ: Վազգենը Երկրապահի հիմնադիր նախագահը դարձավ, հայոց ազգային բանակի առաջին ղեկավարը դարձավ: Անձամբ ես Վազգենի հետ լուրջ ճանապարհ եմ անցել և շատ հպարտ եմ այդ փաստով: Վազգեն Սարգսյանը Երկրապահի ոչ միայն հիմնադիրն է, այլև՝ հավերժ նախագահը: Սպարապետը հավերժ մնալու է Երկրապահի ղեկավարը, և դա մեծ պատիվ է մեզ համար: Վազգենն ականավոր պետական, հասարակական, քաղաքական, ազգային գործիչ է:

 

Փաստ է, որ մեր պետության մեջ ամենակայացածը հենց այն կառույցներն են, որոնք հիմնադրել է Սպարապետը' Երկրապահն ու բանակը: Հենց Երկրապահն ու բանակն են հայոց պետականության զորեղ հաղթաթուղթն արտաքին քաղաքական շփումներում: Ես հավաստիացնում եմ, որ այսօր ևս հայոց բանակն անպարտելի է: Թուրքերի նենգ սադրանքները համարժեք պատասխան են ստանում: Մեր ժողովուրդն ամեն օր դրանում համոզվելու առիթ ունենում է: Ցավոք, նենգաբարո թուրքի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակվում են հայ քաջորդիներ, որոնք, սակայն, ոչ թե մահանում են, այլ' գիտակցված մահն ընտրելով' անմահանում են, միանում են Արցախյան ազատամարտի մեր նահատակներին ու մեր մարտընկերների հետ երկնային արքայությունից հսկում են մեր անդորրն ու երաշխավորում մեր անվտանգությունը: 1989-94 թվականների պատերազմի նահատակները կամ 2016-ին սահմանային առաջնագծում նահատակվողները նույն հերոսներն են, լավագույն հայի նույն տեսակն են: Եռասերունդ Երկրապահը, ամբողջ հայ ազգը խոնարհվում են բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի առջև:

 


Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի բանակի կողքին, բանակի հետ: Երկրապահը մեկ անգամ' 1989-ին է առաջնագիծ մեկնել ու մինչ օրս առաջնագծում է' հայ դիրքապահի կողքին, սահմանապահ զինվորի կողքին: Եռասերունդ Երկրապահն այսօր ինքն է սահմանապահ, ինքն է դիրքապահ ևերբեք-երբեք չի լքելու առաջնագիծը: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության բոլոր բաժանմունքների ներկայացուցչությունները, հերթափոխով, անընդհատ Արցախի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, ՀՀ և ԼՂՀ բոլոր սահմանամերձ տարածքներում են, մարտական դիրքերում: Սա, սահմանաբնակ ժողովրդին, սահմանապահ զինվորին քաջալերելու և ինչու չէ' քաջալերվելու լավ առիթ է: Ե´վ մենք, ե´ւ Հանրապետության ղեկավարությունը, ե´ւ սահմանաբնակ ժողովուրդն ու սահմանապահ զինվորը համոզված են, որ անհրաժեշտության դեպքում 3-4 ժամում տասնյակհազարանոց երկրապահական բանակը, որպես պահեստազոր, կարող է հայտնվել սահմանային առաջնագծում՝ այն դիրքերում, որտեղ հարկ կհամարի մեր մարտական ընկեր, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

 

Սպարապետի ծննդյան օրը նշելը իմ որոշմամբ արդեն դարձել է ավանդական և վերածվել պատանի երկրապահի երդման օրվան: Հարգելի՛ պատանիներ, շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ:

 

Այսօրվանից դուք կարող եք հպարտորեն կրել Երկրապահ վեհ անունը: Երկրապահի, պաշտպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարությունների, Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրերի ընդունումից հետո, նաև' հայ առաքելական սուրբ եկեղեցու և ոստիկանության հետ գործակցության խորացումից հետո նոր թափ է ստացել պատանի երկրապահ կառույցների ձևավորման և համալրման աշխատանքը: «Պատանի երկրապահ» կառույցներ գործում են ՀՀ, Արցախի, արտերկրի բոլոր տարածքային բաժանմունքներում և ներկայացուցչություններում: Գործում է արդեն թվով 83 ակումբ, նույնքան էլ' Երիտասարդ երկրապահի կառույց: «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծվել են Հանրապետության բոլոր դպրոցներում: Բոլորս ենք պատասխանատու կրթված, գրագետ, ուժեղ, առողջ սերունդ ունենալու համար: Պատանի երկրապահների ուսուցման պրոցեսը բոլորիս պարտքն ու պարտականությունն է' ընտանիքի, դպրոցի, եռասերունդ Երկրապահի, գործընկեր կառույցների: Աշխարհում այսօր գլոբալ պրոցեսներ են ընթանում, և բոլորս պետք է միմյանց օգնենք, որպեսզի մեր գալիք սերունդը կարողանա աշխարհին համընթաց քայլել' աշխարհի առաջատարների թվում լինել:

 

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում երդում են ընդունում տասը հազարից ավելի պատանի և աղջիկ: Այս միջոցառմանը զուգահեռ ամբողջ Հանրապետությունում, բոլոր մարզերում, բոլոր տարածքներում տեղի են ունենում պատանի երկրապահի երդման արարողություններ: Հպարտությամբ արձանագրենք, որ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի կարգադրությամբ Սպարապետի ծննդյան օրվա և պատանիների երդման կապակցությամբ մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհնության օր: Այսօր պատանի երկրապահների օրհնության կարգեր են մատուցվում Մայր տաճարում և հայ առաքելական բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում:

Շնորհակալություն մեր պետությանն ու պետության ղեկավար Սերժ Սարգսյանին, որ պատանիների հայրենասիրական դաստիարակության հարցերում անվերապահորեն աջակցում են մեզ: Հենց նախագահի անմիջական աջակցությամբ պատանի երկրապահը պետական ճանաչում ձեռք բերեց: Նախագահը մեզանից մեկն է, մեր մարտական ընկերն է: Նախագահը, գիտակցելով, խորապես ընկալելով, թե ինչ կարևոր նշանակություն ունի նոր սերնդի ճիշտ ռազմահայրենասիրական դաստիարակությունն, աջակցում է պատանի երկրապահներին թե՛ պետական, թե՛ ուսուցման, թե՛ հանգստի և թե՛ այլևայլ հարցերում:

 

Արդեն 2-րդ տարին է, որ պատանի երկրապահ կամավորականների երդման արարողությունն անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այդ պատճառով է, որ պատանիները երդվեցին լինել նաև պահանջատեր, ինչպիսին Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։

 

Հարգելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում, որ դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել ձեր զավակների և դուստրերի հայրենասիրական դաստիարակության գործը Երկրապահին և պետությանը վստահելով: Դուք էլ երկրապահ եք, հարգարժա՛ն ծնողներ: Եվ վստահ եղեք, որ նոր սերնդի դաստիարակումն ու կրթությունն ապահով ձեռքերում են: Ես համոզված եմ, որ Երկրապահում հայրենասիրական դաստիարակություն ստացած աղջիկները երբեք չեն թողնի իրենց ծնողներին, եղբայրներին, ամուսիններին, թվացյալ հեշտ կյանքի հետևից չեն թողնի, գնա արտերկիր, այլ կգտնեն հայրենիքին, պետությանն իրենց ընտանիքներին պիտանի լինելու լավագույն եղանակն ու կշենացնեն մեր երկիրը, իրե´նց երկիրը, մեր այս աղջիկներն ու պատանիները գիտակցում են, որ իրենք Հայաստան պետության համար կարևոր քաղաքացի են և տեր են երկրին:

 

Երիտասա՛րդ երկրապահներ, դուք մերող, կապող օղակ եք երկրապահական սերունդների միջև, և ձեզանից է կախված, թե հետագայում ինչպե՞ս կօգտագործեն իրենց ստացած գիտելիքները պատանի երկրապահները հետագայում, երբ արդեն համալրած կլինեն «Երիտասարդ երկրապահ» կառույցի շարքերը:

 

Դուք, երիտասարդ երկրապահներ, ՀՀ լիարժեք քաղաքացի եք, ունեք երկրի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու, կարևորագույն պաշտոններում ընտրվելու և նշանակվելու սահմանադրական բոլոր հնարավորություններն ու իրավունքները: Եղե´ք պատասխանատու եռասերունդ Երկրապահի, հասարակության, ձեր ընտանիքների առջև:

 

Իմ մարտակա՛ն ընկերներ, դուք գիտակցում եք, որ թուրքին հրադադար պարտադրելով՝ մեր գործն ավարտված համարել չենք կարող: Մենք պատասխանատու ենք նոր սերնդի առջև՝ այս պատանիների և երիտասարդների առջև: Մեր սրբազան պարտքն է ողջ մեր իմացածը, կյանքի փորձը պատանի սերնդին փոխանցելը: Հարգելի´ մարտընկերներ, ես միշտ հպարտացել եմ ձեզանով, սակայն, պետք է հիշենք, որ մեր գործն ավարտված չէ: Պատերազմն ավարտված չէ, և մենք շատ անելիք ունենք: Հպարտությամբ պետք է արձանագրենք նաև, որ արժանի փոխարինողներ ունենք, որ երիտասարդ, պատանի երկրապահները մեզանից առավել հզոր են, որ այսօր հայոց բանակը հզոր է և մարտունակ: Այսօր առաջնագծում կանգնած' մեր անդորրը, մեր զավակների թոռների անդորրը երաշխավորում են 1996-97 թվականներին ծնվածները, այսինքն, այն տղաները, ովքեր դեռ չէին էլ ծնվել, երբ մենք իրենց հայրերի անվտանգությունն էինք երաշխավորում:

 

Մենք պարտավոր ենք երաշխավորել, որ գալիք սերունդները մեզանից առավել հզոր լինեն: Հենց այդ հիմնական նպատակն են հետապնդում հրամանատարասերաժանտական դասընթացները, որ Երկրապահն անցկացնում է գործընկեր կառույցների հետ միասին:

 

Հարգարժա՛ն ներկաներ, ինչպես քիչ առաջ ասացի, Եռաբլուր այցելելուց և Վազգեն Սպարապետի ու մեր բոլոր հերոս նահատակների առջև խոնարհվելուց հետո արդեն 2-րդ անգամ պատանի երկրապահների երդման արարողությունն անցկացվում է Ծիծեռնակաբերդում: Ես հայտարարում եմ, որ մեր ժողովուրդը պահանջատեր է: Եռասերունդ երկրապահական ընտանիքը տեր է հայ դատին, տեր է արդարադատ պահանջատիրությանը: Այսօր այստեղ երդում ընդունող մեր պատանիները, եռասերունդ երկրապահը,աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խոստանում են ցեղասպանության միլիոնուկես սրբադասված անմեղ զոհերին, որ վճռականորեն պայքարելու են կորսված հայրենիքին վերատիրանալու համար, պայքարելու են հզոր Հայաստան և պաշտպանված Արցախ ունենալու համար:

 

Հարգելի´ ներկաներ, մեզ միասնություն է պետք: Մեր ուժը, մեր հզորությունը, մեր անկախությունը միասնության մեջ են: Այո´, միասնություն, միասնություն և էլի միասնություն ի շահ հայության դարավոր իղձերի իրականացման, ի փառս Հայաստանի Հանրապետության և հայկական Արցախ պետության:

 

Պարտավոր ենք միասնական լինել, որպեսզի ուժեղ լինենք, քանզի մեր տարածաշրջանում, ուզենք, թե չուզենք' ուժն է ծնում իրավունք»: