Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի 2015 թվականի զեկույցի համաձայն' իրավապահների կողմից 2015 թվականին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 3187 դեպք:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն հայտնում է, որ ըստ զեկույցի' 2015 թվականին պատասխանատվության է ենթարկվել 2587 հոգի: Նրանցից 7-ը եղել են մինչեւ 18 տարեկան անչափահասներ, 565-ը' մինչեւ 30 տարեկան, 2015-ը' 30-ից բարձր, 18 հոգի' բանվոր, 7 հոգի' ծառայող, 2 հոգի' տրանսպորտի բնագավառի աշխատող, 2 հոգի' միջնակարգ դպրոցի աշակերտ: 2261 հոգի եղել են գործազուրկներ, 2535 հոգի' տղամարդ, 52 հոգի' կին:

 

 

Նշվում է նաեւ, որ 2015 թվականի ընթացքում Ադրբեջանի ՆԳՆ-ի, պետական մաքսային ծառայության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանային ծառայության եւ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շրջանառությունից հանվել է 1 տ 127 կգ 395,322 գ տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում' 12689 խաշխաշի թուփ:

 

 

Ադրբեջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Գադիրլին modern.az լրատվական կայքին հայտնել է, որ ներկայում Ադրբեջանում պաշտոնապես հաշվառված 28 հազար 656 թմրամոլներ կան, որոնցից 554-ը՝ կին: Անցյալ տարվա համեմատ, 2015 թվականի սկզբից մինչ այժմ թմրամոլների պաշտոնական թիվն Ադրբեջանում 280 մարդով աճել է:

 

 

Ադրբեջանական ANS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում, հատկապես Բաքվում, մեծացել է թմրամոլ անչափահասների թիվը, որոնց մեծ մասը վերջին շրջանում սկսել է օգտագործել համեմատաբար էժան թմրանյութեր' տուրք տալով այսպես կոչված «սոսինձ շնչելու» եղանակին:

 

 

Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը modern.az լրատվական կայքին հայտարարել է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլ աղջիկների թիվը, եւ որ ներկայում Ադրբեջանի բանտերում դատապարտվածների 30 տոկոսը թմրանյութ օգտագործողներ են:

 

 

Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքըին հայտնել է, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների մեջ եւս:

 

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

 

 

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

 

 

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից: