Լեռնային Ղարաբաղում իրավիճակը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար, հայտնում է SRF-Ը: Այդուհանդերձ, Կրեմլի ազդեցությունը շատ մեծ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա: Ելնելով դրանից՝ Շվեյցարիայի հեռուստաալիքի թղթակից Դավիդ Նաուերը եզրակացնում է, որ հակամարտության լարվածությունը բավականին արագ անկում կապրի:
«Այդ հակամարտությունը մեծ սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության համար նույնպես: Եթե տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ բռնկվի, Մոսկվան բավականին արագ կներքաշվի դրա մեջ: Եվ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը տեսնում է իրեն որպես խաղաղության և նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում գործող կարգի երաշխավոր: Պատճառը՝ Ռուսաստանի անմիջական ներկայությունն է Հայաստանում, որտեղ Մոսկվան ունի իր սեփական ռազմական բազան: Իմ կարծիքով՝ հենց դրանով է բացատրվում Կրեմլի անհանգստությունը:
Ենթադրում եմ, որ այժմ Մոսկվան լուրջ ճնշում կգործադրի երկու կողմերի վրա՝ հետագա էսկալյացիան կանխելու համար: Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա: Հետևաբար, լիովին հավանական է, որ հակամարտության լարվածությունը բավականին արագ անկում կապրի»,- ասել է Նաուերը: