ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, թե ինչպես են համանախագահները վերաբերվում ադրբեջանական զինվորականների և վարձկանների կողմից խաղաղ բնակիչների սպանություններին և սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մարմինների խեղման դեպքերին:
«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում ևս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշեց Ուորլիքը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումներում համանախագահներն անդրադարձել են այս հարցին և խնդրել նրանց մանրամասն ուսումնասիրել արձանագրված դեպքերը: