Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Չնայած այն հանգամանքին, որ սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն, այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ:
Նահապետյանը հանդես եկավ բավական կոշտ ելույթով: Իր ելույթում նա հիշեցրեց, որ ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորած լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: «Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ծանր հրետանի, զրահատեխնիկա, այդ թվում Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ТОС-1 համակարգեր: 1994 թ. զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ տարածաշրջանի համար: Մենք մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգություններն Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով մեծաքանակ հարձակողական սպառազինության ձեռք բերումը, պետական բարձր մակարդակով ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությունները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման մերժումը, առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկների մերժումը և ապակայունացնող այլ դրսևորումներ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:
Կորյուն Նահապետյանը հավելեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական խորը ճգնաժամը և Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը նույնպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառներ են: «Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, Ադրբեջանը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետներ, նռնականետներ և դիպուկահարներ: Հարգելի ռուս գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելել Լեռնային Ղարաբաղի Հսանրապետություն, որտեղ ինքներդ կտեսնեք քառօրյա պատերազմի թողած հետքերը և կլսեք շարունակվող կրակոցների ձայները»,- ընդգծեց Նահապետյանը:
Նա ցավով նշեց, որ Ադրբեջանի՝ ռազմական հանցագործություններով զուգորդված գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է նաև մարդկային կորուստներ: Պատգամավորը նկատեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից: «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ ադրբեջանական հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմինները և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով հանրությանը: Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի զինվորների՝ հնարավոր եղավ սանձել հակառակորդին՝ հասցնելով նրան արժանի հակահարված: Ցավով պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաև կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել անհեռատես և անզգույշ հայտարարություններով, որոնք արդարացիորեն բացասական արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում:
Նրա խոսքով՝ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարևոր նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության և ամբողջապես այս կազմակերպության համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել ռազմաքաղաքական սպառնալիքները, վաղը, հնարավոր է, ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի ուղղակի և անուղղակի քայքայիչ ներգրավվածությունը տարածաշրջանի ապակայունացմանը»,- նշեց Կորյուն Նահապետյանը:
Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում պատգամավորը կարևորեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: «Խոսքը սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարումների, ռազմական նշանակության արտադրանքի մշակման և արտադրության գործում նոր հնարավորությունների փոխշահավետ օգտագործման մասին է: Ցանկանում եմ ընդգծել համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական և նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նահապետյանը՝ անդրադարձ կատարելով նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն իր խոսքում կարևորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի խորացումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեկալինն ընդգծեց, որ ապրիլի 5-ին Հայաստանի և ՌԴ-ի նախագահները ակտիվորեն ելքեր են փնտրել ԼՂ-ում իրավիճակի սրումը դադարեցնելու համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է նաև ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ: 2016թ. ընթացքում մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական այցը պլանավորված է այս ամսվա վերջին»,- ընդգծեց Չեկալինը:
Եզրափակելով խոսքը՝ նա բարձր գնահատեց ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը: