Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց փաստը մնում է փաստ, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը ջրի երես հանեց ոչ միայն Հայաստանի համար իրական սպառնալիք հանդիսացող արտաքին վտանգներն ու անցանկալի երևույթները, այլև՝ ներքին, քանի որ ակնհայտ դարձան ճշմարտություններ, որոնց մասին, չնայած որոշակի պատկերացումներ ունեինք, բայց ամբողջովին չէ, որ գիտակցում էինք:


 

Խոսքը, մասնավորապես, հերոսացած հայ զինվորների ու նրանց ընտանիքների մասին է, մարդկանց, որոնցից շատերը, որքան էլ ամոթալի լինի բոլորիս համար,պարզվում է՝ պատկանում են հասարակության ամենաստորին շերտերին. շերտեր, որոնց բնութագրական է աղքատությունն ու կարիքը: Համաձայնե՛ք, շատ քչերի մտքով կարող էր անցնել, որ հենց այս մարդիկ են դառնալու մերօրյա հերոսներն ու արժանանլու ազգի գովեստին՝ մարմնավորելով հայ զինվորի անսպառ քաջությունն ու ռազմատենչությունը:



Պարզվում է, սակայն, որ հերոսներ ծնած շատ հայ ընտանիքներ, որոնց առաջ միայն խոնարհվել կարելի է նման զավակներ ծնելու ու դաստիարակելու համար, այժմ կանգնած են փաստի առաջ. այդ ընտանիքներից շատերը ներկայումս փաստացի մնացել են առանց կերակրող ձեռքի, մնացել են մեն-մենակ՝ իրենց առօրյա հոգսերի ու սոցիալական պրոբլեմների հետ՝ առանց հույս ունենալու, որ կառավարությունը կարող է գոնե որոշակի օժանդակույուն ցուցաբերել իրենց:



Որքան էլ զարմանալի լինի, բայց նրանցից շատերն անգամ չեն էլ տրտնջում՝ փորձելով հպարտության զգացողությունը չփոխարինել տրտունջքով ու ուզվորությամբ: Ակնհայտ է, սակայն, որ կարիքը նրանց պարզապես խեղդում է, բանկերի վարկային տոկոսներն էլ հետը: Չնայած մի քանի տեղական բանկեր, ի պատիվ իրենց, զրոյացրին պատերազմի զոհերի ընտանիքների ունեցած վարկային տոկոսներն ու անգամ բուն վարկերը, սակայն, ցավոք, ոչ բոլորը գտնվեցին այդչափ առատաձեռն, ու հիմա, բանից պարզվում է, որոշ ֆինանսական կազմակերպություններ չոքել են մարդկանց բկին ու իրենց փողերն են ուզում:



Ցավոք, այս ամենը ցույց է տալիս՝ որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց Հայաստանն այդպես էլ չկարողացավ այս 25 տարիների ընթացքում լիարժեքորեն կայանալ, կայանալ, նախևառաջ որպես սոցիալապես կայուն երկիր՝ զերծ չքավորությունից ու աղքատությունից,կայանալ, որպես սոցիալական պետություն:



Իսկ այս ամենի պատճառը, անշուշտ, կարելի է համարել նախևառաջ չարաբաստիկ կոռուպցիան, որը, ինչպես գիտեք, մեզանում խիստ համակարգված բնույթ է կրում. Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի Երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է:

 

 

Ուստի՝ վստահ ենք, որ արտաքին թշնամուն ջախջախելուց զատ, նաև պետք է հաղթահարել երկրի ներսում տիրող սոցիալական անարդարության խնդիրը, որը, ինչպես և թշնամի թուրքը, լրջագույն սպառնալիք է մեր ողջ պետականության համար: Քաղաքացին ու առավել ևս զինվորը պետք է զգան, որ իրենց թիկունքին հզոր երկիր ունեն, երկիր, որը հիշում է նրանց ոչ թե միայն երբ գալիս է կռվելու ժամանակը, այլև միշտ՝անկախ սահմանին տիրող վիճակից…



Դավիթ Բաբանով