Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հանրային օրակարգ» հաղորդաշարին: Հարությունը նկարահանման է եկել Սիսիանի հոսպիտալից, որտեղ տևական ժամանակ բուժում է ստացել: Ժամկետային զինծառայողը հաղորդման ընթացքում ներկայացրել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի՝ իր մասնակցությամբ դրվագները: 

 

 

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում սկսվեց ականանետներով գրոհը, սկսեցին խփել: Մոտավորապես ժամը 5:00-ին մտան դիրք: Այդ պահին դիտակետում էի, երբ նկատեցի թշնամու կուտակումները, միանգամից զեկուցեցի: Զեկուցելուց հետո դիրքն անցավ շրջանաձև պաշտպանության: Դիրք արդեն մտել էին»,- պատմում է Հարությունն ու հավելում՝ արկակործությունը չէր դադարում, դիրք մտել են հենց արկակոծության ժամանակ:  

 

 

Հարությունը պատմում է, որ երբ նկատել է կացարանին մոտեցող հակառակորդին, վազել է այդ ուղղությամբ: Նկատել է թշնամու երկու զինծառայողի. «Առաջինին խփեցի, երկրորդը վախից մի կողմ գնաց, երկրորդին էլ սպանեցի, մնացածը փախան այն ուղղությամբ, որով եկել էին: Էդ ժամանակ արդեն վիրավոր էի, նռնակ շպրտեցին, ինձ մոտիկ ընկավ, ոտքից վիրավորվեցի»,- պատմում է զինվորն ու անկեղծանում՝ վիրավորվել է, ընկել, հետո հավաքել ուժերն ու վեր կացել, շարունակել վազել թշնամու ուղղությամբ: Հետո շարունակել է կրակել արդեն ընկած դիրքից՝ չթողնելու թշնամուն վերադառնալ, դիակները տանել: Հարությունը վստահորեն է նշում՝ դիրքը մեր վերահսկողությամբ է մնացել, իսկ հակառակորդի զինվորները տասից ավելի են եղել: 

 

 

Հետո արդեն վիրավոր Հարությունին տեղափոխել են Մարտակերտի, այնուհետև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ և վիրահատվել է, հետո տեղափոխել Սիսիանի հոսպիտալ:  

 

 

«Մեր ու թշնամու տարբերությունն այն է, որ մենք գիտենք՝ ինչ ենք ուզում, իրենք՝ ոչ»,- ասում է հայ զինվորն ու հավելում՝ կարևորը ոգին է, պատրաստվածությունն էլ այդքան մեծ նշանակություն չունի, եթե այդ ոգին տեղում չէ: Իսկ թշնամու զինվորների փախուստը հենց այդ ոգու բացակայության մասին են վկայում: 

 

 

Հարությունին դեռ 1,5 ամիս էլ կա ծառայելու, սակայն զինվորը չի շտապում ուրախանալ տունդարձով. «Կարևոր չէ՝ ինչքան կա ծառայելու, որքան պետք եղավ, մնալու եմ, ինչքան հնարավոր է շուտ վերադառնելու եմ իմ ընկերների մոտ»: 

 

 

Մանրամասները՝ դիտեք Հանրային հեռուստաընկության տեսանյութում