Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող թիվ 140-րդ ավտոտնակ մտնելիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոտնակի բաց դարպասի աջ անկյունում կանգնած' 10.11.2013թ. ծնված աղջիկ երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է:

 

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է ՃՏՊ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

 

 

Նախաքննությունը շարունակվում է: