Պարզվում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից երկրով մեկ հայտարարած կոռուպցիայի ու անժուժկալության դեմ պատերազմը յուրաքանչյուր պետական գերատեսչությունում, մարմնում ու անգամ կրթական հաստատությունում, ընկալվում է յուրովի, ու տեղական ղեկավարները, փորձելով, ըստ էության, իրենց վրայից գցել կաշառակերի, թալանչիի, պետական միջոցները քամուն տվողի պիտակը, սեփական պարտքն են համարում գոնե մի բան կրճատել իրենց ղեկավարած մարմնում ու այդպիսով հասարակությանն ապացուցել, որ իրենք էլ մաս են կազմում այն պայքարի, որ հայտարարել է կառավարությունը պետական միջոցների մսխման դեմ: Պարզվում է՝ մեր երկրում արմատացած նմանօրինակ բացասական երևույթների դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը ԵՊՀ արդեն իսկ ցմահի վերածվող ռեկտոր Արամ Սիմոնյանն է. Երևանի պետական համալսարանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատել իր տրակտորը և բեռնատարը։



Համաձայնե՛ք՝ ումից-ումից, բայց ՀՀ կրթական համակարգում տիրող կոռուպցիայի ու կաշառակերության յուրօրինակ խորհդանշի վերածված պաշտոնյայից նման բան ակնլալել ոչ մի կերպ չէինք կարող, քանի որ դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների բուն պատճառը հենց Համալսարանի տրակտորն է կամ «գռուզավիկը»: Երևանի պետական համալսարանը, որ, առանց չափազանցությունների, մեր երկրի բուհական Համակարգում առկա կոռուպցիայի ու կաշառակերության հիմնական օջախն է՝ վերածվելով «կոռուպցիա» բառի յուրատեսակ հոմանիշի, կասկած լինել չի կարող, որ իր այս կարգավիճակին դժվար կկարողանար հասնել, եթե Սիմոնյանի փոխարեն լիներ մեկ ուրիշը, լիներ մեկը, ով հանուն սեփական աթոռի պատրաստ չէր լինի կատարել վերևներից եկող ամեն մի հրաման ու չէր վերածի ասենք իրավաբանական ֆակուլտետի քննությունները ոսկով լի անսպառ կարասի (բոլորն էլ գիտեն մի շարք էլիտար ֆակուլտետներում տիրող անբարեհույս իրավիճակը՝ կապված կոռուպցիոն անթաքույց դրսևորումների հետ)…



Ընդհանրապես, եթե փորձենք կողքից դիտարկել այն աժիոտաժը, որ սկսեց տարածում գտնել մեր ողջ պետական համակարգում՝ կապված Աբրահամյանի՝ կոռուպցիային հայտարարած պատերազմի հետ, անխուսափելիորեն կնկատենք, որ, որքան էլ ցավալի լինի ամրագրելը, այս ողջ աժիոտաժը կրում է բացառապես ձևական բնույթ, իսկ այն ակնկալիքները, թե մեզ կհաջողվի հնարավորինս սուղ ժակետներում եթե ոչ վերջ տալ, ապա գոնե նվազագույնի հասցնել նույն այդ կոռուպցիան, սին են ու ինքնաներշնչման դաշտից. Հայաստանում որևէ մեկը չունի որևիցե ցանկություն՝ սեփական անձը նեղելու ու դրա հաշվին պետական բյուջե հավելյալ գումարներ մուտքագրելու. Սիմոնյանի տրակտորի հետ կապված պատմությունը ձեզ՝ փայլուն օրինակ…



 Դավիթ Բաբանով