Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցող դեպքերը բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

 

 

Նա ընդգծել է, որ Մոսկվայում բարձր են գնահատում այդ հարցում Ադրբեջանի հավասարակշիռ քաղաքականությունը. «Մեր համագործակցությունն անցել է փորձությունը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցներից մեկն ինձ ասել է, որ «մեք ձեզանից շատ ենք ապրումներ ունենում նրա համար, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում»:

 

 

Կարծում եմ՝ նա չի չափազանցել: Ադրբեջանի համար ոչ միայն զգացական առումով է ցավալի տեսնել կոնֆլիկտ իրեն մոտ երկու երկրների միջև, այլև նա պետք է մշակի գործնական ճիշտ քայլեր:

 

 

Ձեզանից նրանք, ովքեր պատմություն են սերտել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բարդ են դասավորվել, եղել են մի քանի պատերազմներ: Ճիշտ է՝ հետագայում մշտապես հաշտվել ենք: Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաև այս անգամ: Քայլը թուրքական կողմինն է: Նա գիտի, թե ինչ է պետք անել»: