Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնա (Աղդամ) քաղաքում երեկ տեղացել է ուժեղ կարկուտ։ Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Աղդամից, տեղացած խոշոր կարկտի հետևանքով Աղդամի զորամասի զինվորականներից երկուսը վնասվածքներ են ստացել գլխի հատվածում։ Բարեբախտաբար, վնասվածքները շատ լուրջ չեն եղել։
Հիշեցնենք, որ երեկ դժբախտ դեպք էր տեղի ունեցել ԼՂՀ զորամասերից մեկի կրակային դիրքերում։ 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին զորամասի ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում`Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի դին` ժամը 09:30-ի սահմաններում, հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ք. Աղալարյան