armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր հաջորդ հերոսը ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Ազատաշենում: Ներկայացնում է 57 կգ քաշային կարգը: Մարզվում է 1999 թվականից: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Սերբիայի վարկանիշային մրցաշարում: Մնացականյանը մեծահասակների տարիքային խմբում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չի մասնակցել, տրված առաջին իսկ հնարավորությունն օգտագործեց և ձեռք բերեց բաղձալի ուղեգիրը:
Ըմբիշը հանգիստ բնավորություն ունի, շատ խոսել չի սիրում: Գառնիկը, Մնացականյանների ընտանիքի միակ ըմբիշը չէ, նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Մնացականյանը, ևս ազատ ոճային ըմբիշ է:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Նոր Կտակարան:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Առաջին մարզիչիս՝ Անդրանիկ Հարոյանին, ով, ցավոք, մահացել է:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Որդուս և կնոջս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Անակնկալ, սպորտային ամենակարևոր միջոցառում, նվաճում:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Աստծո կամոք՝ մեդալով: