Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նստաշրջանի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր ելույթում շեշտեց, որ այս պահին Ազգային Ժողովում քննարկվում է ՀՀ ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, որովհետև այս նախագիծն այլ կերպ անվանել չենք կարող.
«Դա նախատեսվում է ներքին թշնամու կողմից իրականացնել 2017 թվականի գարնանը, բայց ես կարծում եմ, որ այս ծրագիրը տապալելու համար պետք է լինենք նախահարձակ, ոչ թե սպասենք հերթական ընտրություններին, որտեղ նորից մեզնից կօտարեն մեր իշխանությունը: Ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որն այս պահին ՀՀԿ-ի ձեռքին է, և Սերժ Սարգսյանը, փաստորեն, երեկ հայտարարեց, որ ոչ միայն մինչև 2017 թվականն է մնալու և մեր իշխանությունը մեզնից օտարված պահելու, այլ նաև 2017-ին չի պատրաստվում հեռանալ»:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ այժմ պատերազմի հաջորդ փուլն է, երբ պետք է պայքարել թե արտաքին եւ թե ներքին թշնամու դեմ, իսկ արտաքին թշնամու դեմ պայքարելու համար մեզ հարկավոր է ազգային իշխանություն, որը Մոսկվայում չի վաճառի նաև մեր օդային տարածքը: Փոստանջյանը համոզված է, որ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանին զիջելը մեծ սխալ է, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչպես ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն արձագանքեցին քառօրյա պատերազմին:
«Ինչպես ինքն էր ասում' ինչքան ուզենք՝ էնքան կխփենք, հիմա մենք կարող ենք խփել այս հանցավոր ռեժիմին, մեզ այլ միջոց չի մնացել: Ինձ շատ հաճախ հարցնում են, թե մի տղամարդ չկա՞ այնտեղ, որ խփի նրանց, ասում եմ' կա»,- ասաց Փոստանջյանը, բայց չհասցրեց ավարտել միտքը, քանի որ վերջացավ ելույթի ժամանակը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Ես կարծում էի՝ այս երեք օրվա աղոթքը մեզ ավելի բարի կդարձնի, բայց՝ ավաղ»: