Այսօր կառավարության նիստից առաջ, երբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապում էր մասնակցելու նիստին, մոտեցավ Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչ Մհեր Մկրտչյանը և նախարարին հայտնեց, որ իր որդուն, ով 10-ից ավելի առողջական խնդիր ունի՝ ստիպելով զորակոչում են:

 

Օհանյանը նախ լսեց քաղաքացուն, այնուհետև հրահանգեց օգնականներին՝ հենց այդ պահին տանել զինկոմիսարիատ և ստուգումներ անցկացնել` պարզելու՝ որն է խնդիրը և ինչու չպետք է բողոքող քաղաքացու որդին ծառայի:

 

Նշենք, որ զորակոչիկը ևս ներկա էր հանդիպմանը, ով եկել էր ձեռնափայտով և դժվարանում էր քայլել:

 

 


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացի Մկրտչյանն ասաց, որ իր որդուն անընդհատ ահաբեկում են տեղի զինկոմիսարիատից` ասելով, թե ծառայության չանցնելու դեպքում երեք տարի բանտ կնստի.

 

«Զոռով ուզում են բանակ տանեն, հիմա քրեական գործ են հարուցել, մինչև ամսվա վերջ կդատեն: Ասում եմ` բուժեք, դզեք, 10-ը հիվանդություն ունի երեխես, տարեք, վախեցնում են, զանգում են, թե բա կդատեն»,- ասաց Մկրտչյանը:

 

Նախարարին դուր չեկավ հանգամանքը, որ իր խոսքից հետո քաղաքացին շարունակում էր պատմել ունեցած խնդիրը, քանի որ նկարահանում էինք, և, կարծես բարկացած, ասաց Մկրտչյանին. «ես ասացի հարցը լուծում ենք, էլ պատմում ես ի՞նչ անենք, ո՞ւմ ես պատմում` ի՞նձ ես պատմում, ես լսեցի, հիմա կտանեն, այդ հարցը կլուծեն: Ես ասացի` հենց հիմա տանեն զինկոմիսարիատ, սրանից ավել պատմելն ո՞ւմ է պետք»,- ասաց նախարարը: 

Նելլի Ավետիսյան