Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին (Վարդավառ)՝ հուլիսի 3-ին, Տեր Հեթում քահանա Թարվերդյանն առաջին պատարագն է մատուցել Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում։ Հայ Առաքելական եկեղեցում Գուգարաց թեմից տեղեկացնում են. «Այսօր՝ հուլիսի 3-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը, որն հայտնի է Վարդավառ անվանմամբ և նշվում է մեծ տոնախմբությամբ: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում տոնը առանձնակի էր: Այսօր վանքում՝ նոր նշանակումից հետո, անդրանիկ Պատարագ մատուցեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Պատարագին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, դպրոցի և մանկապարտեզի տնօրեններ, հավատավոր ժողովուրդը:

 

Պատարագի ավարատին Սրբազան հայրը ներկայացրեց Տեր հորը՝ մաղթելով նրան բազում և նորանոր հաջողություններ: Իր քարոզում Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց Սրբազան հորն ու ներկաներին, ներկայացրեց օրվա խորհուրդը, մաղթեց, որ բոլորը ևս մեկ անգամ նորոգվեն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ, որ ամենքի հոգում վառ լինի Տիրոջ լույսի պայծառությունը և մաքրությունը»:

 

Նշենք, որ մինչ այս Տեր Հեթում քահանա Թարվերդյանը Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանի պատասխանատուն էր, և այդ պաշտոնը ներկայում զբաղեցնում է Տեր Օշական քահանա Խաչատրյանը: