Չինաստանը հայտարարել է Հարավչինական ծովի վիճելի տարածքներում օդային պաշտպանության գոտի ստեղծելու իր իրավունքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լիու Ձենմինը:

 

Այս հայտարարությունը հետևել է հուլիսի 12-ին Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանի մշտական պալատի որոշմանը տվյալ հարցի առնչությամբ:

 

Դատարանն անհիմն էր համարել Չինաստանի կողմից Նանշա-Սպրատլի արշիպելագը իր «բացառիկ տնտեսական գոտի» հռչակելու քայլը:

 

Համապատասխան հայցը դեռևս 2013թ-ին դատարան էին ներկայացրել Ֆիլիպինները: Հայցի հիմնական խնդիրներից մեկն էլ արշիպելագի բնույթի որոշումը, այն է' թե արդյոք վերջիններս կղզիներ են, թե ուղղակի «ժայռեր», քանի որ, եթե վերջիններս ժայռեր են, ապա դրանք չեն կարող համարվել «բացառիկ տնտեսական գոտի», որը կներառեր նաև դրանք շրջապատող 200 ծովային մղոն տարածքը: Ֆիլիպինները պնդում էին նաև, որ Չինաստանի կողմից իրականացվող հողալցման աշխատանքները չեն կարող փոխել նշված տարածքների բնույթը:

 

Դատարանն իր որոշման մեջ շեշտել էր, որ դրանք «ժայռեր» են, ուստի բացառիկ տնտեսական կարևորության մասին խոսք լինել չի կարող:

 

Չինաստանը դատարանի որոշումը համարել էր «քաղաքական ֆարս»: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ընդգծել էր, որ իր երկիրն այդ տարածքների տիրապետման համար ունի ինչպես պատմական, այնպես էլ իրավական բոլոր հիմքերը: