ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հուլիսի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի գործունեությունը և ընդգծել, որ արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելուն, երկարատև ճգնաժամերում ապրուստի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված կարողությունների զարգացումը անհրաժեշտություն է ցանկացած երկրի համար:
ՊՀԾ հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Լուկա Մոլինասը նախարարին համառոտ ներկայացրել է ՊՀԾ-ի կողմից իրականացված աշխատանքները և նշել, որ ՊՀԾ-ն ընդլայնել է իր գործունեությունը' այն ուղղելով գյուղական վայրերում խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավմանը: Պատվիրակության անդամները նախարարին տեղեկացրել են նաև, որ աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ՊՀԾ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ' ուղղված արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության ցուցաբերմանը և արագ արձագանքման կարողությունների գնահատմանն ու զարգացմանը:
Նախարար Լոքյանը մեծապես կարևորել է մարդածին և բնական աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում հատուկ պատրաստվածության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության տրամադրման համար անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ համագործակցության խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին: Մասնավորապես, կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը: