Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն ամբողջությամբ դատարկվեց։ Հակառակորդի ամենօրյա հրետակոծությունները գյուղը վերածեցին ավերակի։ Ի դեպ, պատերազմի օրերին ադրբեջանական կողմն անգամ «սմերչ» տեսակի զենքից է կրակել գյուղի ուղղությամբ։ Բնակիչները մի կերպ են կարողացել փախչել։ Թալիշցիների մեծ մասն այսօր բնակություն է հաստատել Չարենցավան քաղաքում, իսկ մոտ 22 ընտանիք՝ Թալիշից հեռու գտնվող «Ալաշան» կոչվող ճամբարում։ Արցախի իշխանություններն այսօր նպատակ ունեն «Ալաշանը» դարձնել թալիշեցիների համար բնակավայր։

 

Ալաշանում բնակվող թալիշեցիների առօրյային, կենցաղին կանդրադառնանք առանձին։ Թալիշն ապրիլյան պատերազմից մոտ 4 ամիս անց էլ գտնվում է նույն վիճակում։ Տներն ավերված ու թալանված են, դպրոցը, որի վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտին էին մոտենում, ևս ավերված է։ Թալիշում միայն փթթում են թզի, նռան, խնձորի, տանձի և այլ մրգերի ծառերը, որոնց բերքը թալիշեցիները դեռևս, դժվար թե, կարողանան հավաքել։ 

 

1992-ին գրավված գյուղն ազատագրվել է 1994-ի ապրիլի 14-ին։ Ազատագրումից ամիսներ անց արդեն 13 բնակիչ տեղափոխվել է գյուղ, որից հետո գյուղն ամբողջությամբ վերաբնակեցվել է։ Այսօր արդեն պատմությունը, կարելի է ասել, կրկնվում է։ Գյուղում բնակչություն չկա, մարդիկ ստիպված լքել են իրենց բնակավայրերը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան։ Իսկ անվտանգության երաշխիքը գրավված դիրքերը հետ բերելն է։ Այն դիրքերը, որտեղից ադրբեջանական կողմն այսօր էլ՝ հիմնականում երեկոյան ժամերին, կրակում է դատարկված գյուղի ուղղությամբ։ Այս պայմաններում ոչ մի թալիշեցի չի վերադառնա գյուղ։ 

 

Ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ՝ այսօրվա Թալիշ գյուղից։ 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան

Արցախ