ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Հայաստանին նոր կոալիցիա է անհրաժեշտ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

«Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդները' այն մեկ քայլ առաջ էր: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էր: Ասել թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը, եթե հավաքում է քվեների 40 տոկոսը, դա ՀՀ-ում ժողովրդավարության արդյունք է, կնշանակի չտեսնել կամ չտեսնելու տալ հասարակության մեջ տեղի ունեցող իրական գործընթացները: Թերեւս, Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի քիչ ձայների է տիրապետում, քան փաստացի ստացել է, սակայն այստեղ ամենեւին նրա անձի խնդիրը չէ, այլ այն, որ խաղատախտակին մի կողմից փոփոխությունների նկատմամբ կարծրացած համակարգն է, մյուս կողմից օր առաջ արմատական փոփոխություններ ցանկացող ժողովուրդը: Արմատական փոփոխություններ' ոչ թե տարիներ ձգվող բարեփոխումներ: Փոփոխություններ, որոնց մասին ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր նաեւ Սերժ Սարգսյանը' ներառելով դրանք «Դեպի Ապահով Հայաստան» կարգախոսում:

Այդ փոփոխություններն անհնարին է իրականացնել հեղինակազրկված կադրերով, Հայաստանի տնտեսությունը քամող օլիգարխներով եւ միայն ՀՀԿ ռեսուրսներով: Անհրաժեշտ է քաղաքական հարթակից հեռացնել կամ գոնե երկրորդ պլան մղել այդ հնոտի, հեղինակազրկված կադրերին եւ օլիգարխներին' փոփոխություններ իրականցնելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է փոխել անկարող եւ կոռումպացված որոշ մարզպետների եւ շատ չինովնիկների: Փոփոխություններ իրականացնել հատկապես հարկային, մաքսային, դատական եւ այլ ոլորտներում: ԱԺ-ին վերադարձնել իր քաղաքական գործառույթն, այն մաքրելով անգործունյա պատգանավորներից: Այս եւ մնացած շատ այլ կարեւոր հարցերի շուրջ անհրաժեշտ է գալ համաձայնության եւ երկիրը դուրս բերել բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային լճացումից:

Հետընտրական գործընթացները նոր կոալիցիա կազմավորելու հնարավորություն են ստեղծել ավելի բարեկիրթ եւ չհեղինակազրկված ուժերի հետ (նկատի ունեմ Ժառանգությանն ու Րաֆֆի Հովհաննիսյանին): Այդ կոալիցիան կստեղծի նոր հնարավորություն իրականացնելու համար այդքան սպասված փոփոխությունները, որը տեսանելի պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Հուսով եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական փորձառությունն ու ապահով Հայաստան տեսնելու նրանց ցանկությունը, մի կողմից, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժառանգության անկեղծ եւ սրտացավ մոտեցումները, մյուս կողմից, կօգնեն ստեղծել նոր քաղաքական կոալիցիա»: