Մի քանի օր առաջ կառավարության շենք է այցելել ու վարչապետին է տեսակցել ընդդիմադիր ազատամարատիկ Սասուն Միքայելյանը: Հովիկ Աբրահամյանը թերևս Սասունի այցն այնպես է կազմակերպել, որ այն համընկնի կառավարության նիտի օրվա հետ:

 

Արգամիչը ներիշխանական բարդ խաղերի մեջ է, ու նրան պետք է ցույց տալ, որ ընդդիմության մեջ կան գործիչներ, ովքեր իրեն լուրջ մարդու տեղ են դնում:

 

Դե, ինչպես միշտ, Հովիկ Աբրահամյանը զբաղված է իր փիառով: Բայց սա այն դեպքն է, որը կարող է հակառակ էֆեկտ ունենալ:

 

Հրամանատարը եկել էր ոչ թե վարչապետի հետ նկարվելու, այլ նրան տեղեկացնելու, որ կարգի հրավիրի Հրազդանն անտերության մատնած քաղաքապետ Արամ Դանիելյանին: Հակառակ պարագայում` Հրազդանում կարող են ժողովրդական հուզումներ լինել, սա այն դեպքն է, երբ կառավարության ղեկավարը կանխավ տեղեկանում է լարվածության հնարավոր օջախի մասին:

 

Եթե Աբրահամյանը չկարողանա կամ չուզենա սանձել Հրազադանի քաղաքապետին, ապա նա է կրելու այդ քաղաքում հնարավոր զարգացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը:

 

Մանավանդ՝ Ա. Դանիելյանը աջ ու ձախ հայտարարել է, որ իր տանքիը հենց Աբրահամյանն է:

 

Սարգիս Հակոբյան