ԼՈՒՐԵՐ.com-ը երեկ՝ սեպտեմբերի 13-ին, հղում անելով իրազեկ աղբյուրներին՝ հայտնել էր, որ Հայաստանից արտաքսվել է 10 «օրենքով գող»։Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Պետք է նշենք, որ սա կարող է լուրջ ընդհարումներ առաջ բերել քրեական աշխարհում: Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կարող է սկսվել անարխիա, և իրավապահները հատուկ հսկողություն են սահմանել «օրենքով գողեր»-ի հետ անմիջական կապ ունեցող բոլոր հեղինակությունների, այսպես ասած՝ «աֆտարիտետների» վրա: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նախկին ԱԱԾ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։

 

-Պարոն Եղիազարյան, ինչի՞ կհանգեցնի Հայաստանը գողերից մաքրելու այս պրոցեսը։


- Եթե «օրենքով գողերին» հանել են, ապա դա լրջագույնս կազդի քրեական աշխարհի գործունեության վրա, որովհետև, օրենքով գողերը ապրում են իրենց հասկացողություններով, որոնց հիմքում ընկած է գողանալը։ Այն կրիմինալը, որն այսօր գործում է ՀՀ տարածքում, զսպաշապիկ կհագնի։

 

-Ըստ Ձեզ` պետությունն ի վիճակի կլինի՞ կանխել սպասվող վենդետան կամ քրեական աշխարհում տեղի ունեցող խմորումները։


-Ձեզ մի բան ասեմ։ «Ժողովրդավարություն» կոչվածը, որի դրսևորումը Հայաստանում ունի այլասերված պատկեր, այդ պայմաններում ստեղծվում են սերիալներ, և ոչ մեկն իր դատարկ գլխին հարց չի տալիս, թե այդ սերիալներում որ գովերգվում են գողականը, քերոբները, ապա մեր երիտասարդությունը չի՞ դաստիարակվում այլ հենքի վրա։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դնել և առանց հաշվի առնելու արձագանքը՝ ցուցադրել։ Նկատի ունեմ տխմարագույն սերիալների շարքը։ Պետք է մտածել, թե ինչ ենք անում երիտասարդության հետ։ Նրանք այլևս չեն երազում դառնալ օդաչու, տիեզերագնաց։ Նրանք այլ պատկերացումներ ունեն ու դրանցով գնում են բանակ, բանակում սկսում են գողականով ծանրոցին ասել՝ «տուլիկ», օգնությանը՝ «գրեֆ» և այլն։ Գողականում, քերոբներն ապրում են ամրագրված օրենքներով։ Մեկ քայլ շեղվելը պատժվում է խստագույնս, նույնիսկ կյանքով։ Օրենքը խախտեց, այդ մարդը վերածվում է «ֆուֆլոյի», որից հետո կամայական կարող են որոշել նրա հետագա բախտը։ Դա ամենաներքին օղակն է գողականի հասարակության մեջ։

 

-Պարոն Եղիազարյան, ո՞րն է իշխանավորների և օրենքով գողերի տարբերությունը։


-Ի տարբերություն իշխանավորի՝ քերոբը, եթե մի բան է ասում, եթե չկատարի իր ասածը՝ կվերածվի «ֆուցն»-ի (գողական հասկացողություն է, նշանակում է, որ իր խոսքի տերը չէ, և նրա ասածն արժեք չունի հեղ.)։ Դուք պատկերացնո՞ւմ եք մենք մեր շրջապատում որքան «ֆուցն»-եր կունենայիք Ազգային ժողովում կամ այլ տեղ։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի։ Իսկ եթե գողականի օրենքով իրենք այսօր անեին ամեն ինչ, ապա մենք կունենայինք հրաշք երկիր։

 

-Ո՞րն է, ըստ Ձեզ, լավը։


-Միանշանակ քերոբը, որովհետև քերոբը ապրում է օրենքներով, իսկ սրանք լափում են առանց պատժի։

 

-90-ականներին, երբ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանից արտաքսեց «օրենքով գողերին», ի՞նչ իրավիճակ էր երկրում դրանից հետո, ինչպե՞ս էին աշխատում հատուկ ծառայությունները։ Քանի որ Դուք այն ժամանակ քրեական հետախուզության վարչության պետն եք եղել, խնդրում եմ համեմատականներ անցկացրեք։


-Որն էր 90-ական թվականների առավելությունը 2000-ական թվականների նկատմամբ։ Վանոյի ժամանակ հանրապետությունում չկար այն մարդը, որը հանցագործի համար կմիջնորդեր։ Այն ժամանակ բացառված էր իշխանական թևում այս կամ այն մարդու հարազատը, ով կխոչընդոտեր հանցագործության բացահայտմանը, ուղղակի բացառված էր։ Եթե նման մարդ գտնվեր՝ Լևոնը հաջորդ օրը կպատժեր, աշխատանքից դուրս կշպրտեր։ Այսօր Վլադիմիր Գասպարյանի ձեռքերն ու ոտքերն այդ առումով կապված են։ Դրա համար նրանց մտքով ինչ ասես չի անցնում՝ ընդհուպ մինչև Ծաղկաձորում «սխոդկա» անցկացնելը։ 90-ականներին ոչ մի գողի մտքով, չար երազում չէր անցնի Ծաղկաձորում «սխոդկա» անել։ Ասացի՝ ինչու, չկար այն երաշխավորը, ով 100 տոկոսով երաշխիք կտար։ Վանոյի ձեռքերը բաց էին։ Իսկ սուբյեկտիվ պատճառը հետևյալն է։ Սովետական միության փլուզումից հետո Հայաստանը մի կողմից քանդված էր երկրաշարժով, ավերված էր, Երևանում 1 մլն փախստական էր ապրում ծանրագույն վիճակում, հարավում էլ պատերազմ էր թուքերի հետ, տնտեսությունը կոպեկներ էր աշխատում ու դնում պատերազմի վրա, երկիրը գտնվում էր ծանրագույն վիճակում և այդ վիճակում գողականը, քերոբը անելիք չուներ։ Նրանք տեղափոխվեցին Ռուսաստան՝ առանց կողմնակի միջամտության, «գայլն այնտեղ է, որտեղ ոչխարն է» սկզբունքով։ Այսօր Հայաստանն ամենակոռումպացված երկրներից է։ Իսկ կոռուպցիան այն հիմքն է, ինչի վրա զարգանում է գողականը։

 

-Չպայքարե՞լ դրա դեմ։


-Քերոբը կազմակերպված հանցագործության առանցքն է, իսկ դրա դեմ մեկօրյա, երկուօրյա, մեկամսյա միջոցառումներով չեն պայքարում։ Դրա դեմ պայքարում են օրենսգրքով, օրենքների ընդունմամբ և կատարմամբ։ Պետք է օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ փոփոխություն մտցնել։ Այդ ամեն ինչը կարգավորող օրենք է հարկավոր, որը չկա։

 

Քրիստինա Աղալարյան