Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մի քանի ժամ է՝ ինչ բացել են Երևան-Արգել ավտոճանապարհը:
«Կոմպրոմիսի եկանք, ամբողջ կոլեկտիվի ստորագրությամբ դիմելու ենք մարզպետին, տեսնենք՝ ինչ ընթացք կտա մարզպետը: Եկանք այն եզրակացության, որ ճիշտը քաղաքակիրթ ձևով պայքարելն է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգելի գյուղապետ Մաթևոս Ավագյանը եւ հավելեց.
«Այս պահին գործարանը չի գործում, քանի որ աշխատակիցները չեն պատրաստվում աշխատել, մինչև չստանան աշխատավարձերը»:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց նաև «Արգել» գործարանի սեփականատեր Էդիկ Գրիգորյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ աշխատավարձերը չի կարողանում վճարել, քանի որ ունի վարկային պարտավորություններ, և չի կարողանում իրացնել պահեստում առկա ապրանքը, որպեսզի գոնե այդ կերպ կարողանա վճարել աշխատավարձերը:
«Անպայման պետք է միջոցներ ձեռնարկեմ, որպեսզի վճարեմ աշխատավարձերը, քանի որ գիտեմ՝ ինչ ֆինանսական վիճակում է ժողովուրդը: Աշխատում եմ, որ պայմանագրեր լինեն համապատասխան կազմակերպությունների հետ, որ վաճառվի ապրանքը և աշխատավարձերը կարողանամ վճարել: Արտերկրում մի քանի պայմանագիր ենք կնքել, բայց շատ են ձգում: Խոսք են տվել, որ նոյեմբերին կլինի, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ապրանքը պահեստում շարված է, բայց դա էլ է գրավի տակ դրված ու չեմ կարող վաճառել, որպեսզի վճարեմ:
«Արգել» գործարանի սեփականատեր Էդիկ Գրիգորյանը շեշտեց, որ օգնություն է պետք, որպեսզի իրենք աշխատեն, քանի որ «ԱՐԳԵԼ» բազալտե անընդհատ թելքի գործարանն աշխատում է յուրօրինակ տեխնոլոգիայով: Այդպիսի տեխնոլոգիայով աշխատող գործարան աշխարհում 9 հատ կա միայն: Դրանցից մեկն իրենցն է:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչների մեծ մասը, ովքեր աշխատում են «Արգել» գործարանում և շուրջ 6 ամիս չեն ստացել աշխատավարձերը, փակել էին Երևան- Արգել ավտոճանապարհը՝ սպառնալով չբացել այն՝ մինչև ընկերությունը չվճարի աշխատավարձերը: