Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ժամանած միգրանտների քանակը հասել է ռեկորդային մակարդակի: Այս տարի ժամանածների թիվն արդեն անցել է 171 հազարից՝ գերազանցելով 2014 թվականի ռեկորդը, երբ երկիր էր ժամանել շուրջ 170,1 հազար մարդ: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 4690 միգրանտ է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով անցնել Միջերկրական ծովով:

Իտալիայում ապաստանի տրամադրման համակարգի համար ավելի ու ավելի է դժվարանում դիմանալ միգրանտների հոսքին: Ավելի քան 176 հազար մարդ ներկայում ամբողջ երկրով մեկ գտնվում է տեղավորման հատուկ կենտրոններում:

Նրանց մեծ մասն Իտալիա է ժամանել Աֆրիկայի երկրներից. շուրջ 36 հազարը Նիգերիայից, շուրջ 20 հազարն Էրիթրեայից եւ շուրջ 12 հազարը՝ Գվինեայից:

Շատերը մտադիր են մեկնել հյուսիս, առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղություններն են Գերմանիան եւ Շվեդիան:

Ինչպես նշում է BBC-ն, Իտալիա ժամանող միգրանտների թիվն աճել է այն բանից հետո, երբ Հունաստանի եւ Բալկանների տարածքով ձգվող ուղիները հիմնականում արգելափակվեցին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնության միջոցով: