2016 թվականի սկզբից 31 երկրներում զոհվել է 144 լրագրող. ԶԼՄ-ների աշխատողների շրջանում այսչափ մեծ թվով զոհեր չեն եղել վերջին տասը տարվա ընթացքում: Սյս տվյալները ներկայացվել են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 14-ին Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում:
PEC-ում, որը հորդորում է համաշխարհային հանրակցությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությունների գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար, պարզաբանել են, որ ընդհանուր թիվը (144) ներառում է բրազիլացի այն 20 լրագրողներին, որոնք զոհվել են նոյեմբերի 29-ին Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրների վարկանիշին, ապա առաջին տեղում կազմակերպությունը դրել է Իրաքը, որտեղ 2016 թվականին զոհվել են մամուլի 16 աշխատողներ: Բացի Իրաքից, առաջին հնգյակում տե ղ են գտել Սիրիան (14), Աֆղանստանը (12), Մեքսիկան (12) եւ Եմենը (9): Ռուսաստանում, ըստ PEC-ի տվյալների, զոհվել է մամուլի երեք աշխատող, Ուկրաինայում՝ երկու:
Ընդգծվում է, որ 2016 թվականին աշխատելու համար առավել վտանգավոր տարածաշրջաններն են եղել Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան. այնտեղ զոհվել են 44 լրագրողներ:
2012 թվականից Սիրիայի պատերազմը մամուլի 100 աշխատակիցների կյանք է խլել: Իրաքում վերջին հինգ տարվա ընթացքում զոհվել է 55 լրագրող, Պակիստանում՝ 50, Մեքսիկայում՝ 46, Սոմալիում՝ 41:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել է 2004 թվականին, ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունի: Ժնեւում պարբերաբար զեկույցներ հրապարակելով լրագրողների շրջանում զոհերի վերաբերյալ, այն ձգտում է հասարակական կարծիքը կենտրոնացնել հակամարտությունների գոտիներում մամուլի աշխատողների անվտանգության ապահովման ավելի վճռական քայլերի վրա: Վիճակագրության մեջ, որը վարում է կազմակերպությունը, արտացոլված են լրագրողների սպանությունների բոլոր դեպքերը՝ նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Զոհերի թվում են՝ թղթակիցներ, օպերատո րներ, հնչյունային օպերատորներ, տեխնիկներ, լուսանկարիչներ, պրոդյուսերներ, ԶԼՄ-ների վարչական աշխատողներ:
Զոհերի վերաբերյալ տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, լրագրողների միությունների, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: