«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, բավական անհարմար և անհանգիստ վիճակում է հայտնվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր: Բանն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Հրազդանում, Էջմիածնում, Ապարանում, Արթիկում, Արմավիրում և այլուր, Ս. Սարգսյանը պարտություն է կրել, և փոխարենը հաղթել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելին՝ 7 մարզերի մարզկենտրոններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ճիշտ է, այդ մարզերի ղեկավարները այս կամ այն ձևով պատասխանատվության են ենթարկվում: Օրինակ՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն անցած շաբաթ հրաժարական տվեց, նրանից հետո հրաժարական տվեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղեկություններով, պատրաստվում է հրաժարական տալ նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, և նրա հարցը քննարկվելու է ՀՀԿ Գործադիր մարմնի առաջիկա նիստում: Չի բացառվում, որ առաջիկա հրաժարականների շարքը շարունակվի, և այնտեղ պատվավոր տեղ զբաղեցնի նաև Հ. Աբրահամյանը:

Բանն այնն է, որ այդ խոշոր քաղաքներում Ս. Սարգսյանի պարտությունը համարվում է նաև Հ. Աբրահամյանի ձախողումը: Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, և այս ընթացքում իշխանությունները, Ս. Սարգսյանի գլխավորությամբ, հասկացել են, որ իրենց հաղթանակը նաև պարտություն է, քանի որ այն մեծ դժվարությունների ու կեղծիքների միջոցով է ձեռք բերվել: Եվ շատ մարզերում, ու հատկապես ԱԺ նախագահի հայրենի Արարատի մարզում բավական շատ ու աղմկոտ կեղծիքներ են տեղի ունեցել: Մինչդեռ նախապես հրահանգվել էր ամեն ինչ կազմակերպել անաղմուկ, աննկատ, որպեսզի դրանք հանրության սեփականությունը չդառնան: Միայն Գեղարքունիքի մարզում են ընտրություններն անցել բավական հարթ, ու այդ մարզի քաղաքներում է Ս. Սարգսյանը հաղթել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, դա ստացվել է այն բանի արդյունքում, որ այդ մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պարզապես չի գործել Հ. Աբրահամյանի մեթոդներով:

Իսկ այն հանգամանքը, որ ՀՀ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ս. Սարգսյանը պաշտոնապես պարտվել է, և դա դարձել է Ս. Սարգսյանի ուշադրության առարկան, խիստ անհանգստություն է պատճառում ԱԺ նախագահին:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԱԺ նախագահը սարսափում է այն մտքից, որ այդ թեման նախագահը կարող է իր հետ քննարկել ու մեղադրել, թե նախընտրական շրջանում ինչո՞ւ են իրեն սխալ տեղեկատվություն մատուցել՝ իբր ամեն ինչ նորմալ է: Ու այդպիսով ինքը ընտրություններին մասնակցել է՝ չունենալով իրավիճակի լիարժեք պատկերը: Իսկ մեկ այլ մեկնաբանության համաձայն, Հ. Աբրահամյանը պարզապես միտումնավոր չի զեկուցել իրական վիճակի մասին, որպեսզի ընտրություններին մի կերպ հաղթեն, ու այդ հաղթանակն ինքը մատուցի որպես շտաբի պետի քրտնաջան աշխատանքի արդյունքը:

Բայց հիմա Հ. Աբրահամյանը հասկացել է, որ իր գծած սցենարը կարող է դուրս գալ նախատեսված հունից և շուռ գալ իր դեմ: Եվ գուցե հենց ինքն էլ գլխավորի հրաժարական տվողների ցուցակը, ինչը մեկ անգամ արդեն եղել է մեկուկես տարի առաջ: