Կառավարությաւն նիստի ժամանակ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին ու ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Ի պատասխան վարչապետի հարցադրմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է: «Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը: