ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով՝ Գորիսի հարկային տեսուչ Վաչե Թանգյանն ազատվել է աշխատանքից: Հարկային տեսուչին ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել է բազմիցս: Հակիրճ հիշեցնենք, թե ինչու ենք անդրադարձել վերջինիս և ինչ սկանդալներ կան նրա անվան հետ կապված:
Վաչե Թանգյանը, ով աշխատում էր Գորիսի հարկային տեսչությունում, իր բիզնեսը՝ հացի փուռը, ծաղկեցնելու համար դիմում էր մի շարք ապօրինի արարքների։ Փուռն աշխատեցնում էր առանց աշխատողներին գրանցելու, առանց հսկիչ դրամարկղային մեքենայի և այլն։ Մեր հրապարակումների հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի կողմից ծառայողական քննություն նշանակվեց, սակայն, չնայած աղաղակող փաստերին, նրա նկատմամբ հայտարարվեց գրավոր նկատողություն միայն: Դրանից հետո Թանգյանը, իրեն համարելով անպատժելի, անգամ աշխատանքի չէր ներկայանում:
Եվ ահա, մեր հրապարակումներն անպատասխան չմնացին: ՊԵԿ նոր ղեկավարությունն ըմբռնումով մոտեցավ հարցի լրջությանը և հասկացավ, որ Վաչե Թանգյանի նման հարկային տեսուչը ոչ միայն համակարգին ոչ մի օգուտ չի տալիս, այլ նաև բացասական է ազդում համակարգի հեղինակության վրա: Ի դեպ՝ Վաչե Թանգյանին տեղափոխել էին մաքսային ծառայություն, հավանաբար, փորձելով փրկել վերջինիս, սակայն ապարդյուն: Մարդն, ով չի գիտակցում իր աշխատանքի կարևորությունը և լրջությունը, չի կարող իրեն մարդավայել դրսևորել և ազնվորեն աշխատել՝ ոչ մի ոլորտում:
Քրիստինա Աղալարյան