2016 թվականը պատմության մեջ կմնա որպես քառօրյա պատերազմի տարի և այն պատմության մեջ մտավ հենց այդ քառօրյա պատերազմով ու այդ օրերի հերոսներով: Այս մասին ԼՈւՐԵՐ. com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով 2016 թվականը, ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը.

 

«2016-ը յուրահատուկ տարի էր, երևի 1994 թվականից հետո՝ ամենածանրը, որովհետև սկսեցինք պատերազմով, որտեղ կորցրեցինք մեր տղաներին և ունեցանք նոր հերոսներ, ինչը շատ ցավալի է»,- ասաց նա:

 

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ այս տարի էլ փորձեց ոչնչացնել Հայաստանն ու հայոց պետականությունը: «Բայց, փաստորեն, ձախողեց՝ մեր հերոս տղաների, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, մեր ժողովրդի անսասան ոգու և հավատքի շնորհիվ: Ամենավատ բանը մեր անդառնալի կորուստներն էին՝ մինչ քառօրյա գործողությունները, ինչպես նաև դրանից հետո: Թեև նյութական կորուստներ ևս ունեցանք, բայց դա ժամանակի ընթացքում կկարողանանք կրկնապատկել, ինչը չենք կարող ասել մեր տղաների մասով, որոնց կյանքի համար որևէ կերպ չենք կարող երբևէ փոխհատուցել»,- հավելեց նա:

 

Նա նշեց նաև, որ տարվա ձեռքբերումն Արցախում տնտեսական ոլորտում է արձանագրվել.

 

«Էներգետիկ ոլորտում մենք ունեցանք լուրջ հաջողություններ և այսօր կարողանում ենք ինքնաբավ էլեկտրաէներգիա արտադրել: Սա շատ դրական քայլ է և մեծ առաջընթաց: Արցախում մեծացրել ենք նաև հացահատիկի արտահանումը»,- ասաց նա:

 

2017 թվականը ևս, Դ. Բաբայանի համոզմամբ, հագեցած տարի է լինելու. արդեն մշակվել են մի քանի ծրագրեր:

 

Անդրադառնալով Արցախի ինքնորոշման խնդրին, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նշեց, որ այստեղ սպասելիքները մեծ չեն: Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի վերսկսմանը՝ նա հավելեց, որ հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է եղել, և ցանկացած գործուղության, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք. «Ադրբեջանը երբեք էլ չի փոխում իր դիմագիծն ու ցանկացած գործողության հայկական կողմը պետք է պատրաստ լինի: Ադրբեջանը միշտ էլ կպահի իր ահաբեկչի դիմագիծը: Նույն ապակառուցողական քաղաքականությունը կշարունակվի նաև 2017 թվականին: Դա Ադրբեջանի էությունն է: Երբ Ադրբեջանը պատրաստ չէ այլ քայլերի, մենք ոչ մի ակնկալիք ու սպասելիք էլ չենք կարող ունենալ: Եթե Ադրբեջանը պատրաստ լինի հարցին համապարփակ լուծում տալուն, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց արդեն լուծված կլիներ, բայց նա ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ փորձում է որևէ բան անել: Դա պետք է անի ոչ թե խոսքով ու շարունակի պնդել իր քարացած, կարծրացած ապակառուցողական մոտեցումները, այլ՝ պրակտիկորեն: Արցախի համար դա անընդունելի է, և Արցախը երբեք էլ չի կարող Ադրբեջանի կազմում լինել»,- եզրափակեց նա:

 

 Արմինե Եփրեմյան