Չնայած Շիրակի մարզի Արթիկ քաղաքին ամիսներ առաջ պատուհասած բնական աղետից՝ ջրհեղեղից, անցել է բավական ժամանակ ու այդ ժամանակվանից ի վեր՝ երկրում շատ «ջրեր են հոսել», բայց որքան էլ կարող է զարմանալի հնչել կամ նույնիսկ անտրամաբանական, խնդիրները՝ կապված բնակչությանը փաստի առաջ կանգնեցրած սելավատարի հետ, դեռևս շարունակում են գերարդիական մնալ. սելավատարի ամրացմանը և մաքրմանն ուղղված համապատասխան աշխատանքներն այդպես էլ չեն կատարվել, ու հիմա արթիկցիները, ահը սրտներում, սպասում են գարնանը՝ հաստատ վստահ լինելով, որ գարնանային ձնհալի հետևանքով կրկին ու կրկին անխուսափելիորեն կանգնելու են շատ ավելի ծանր աղետի շեմին, քան 2016-ինն էր. քաղաքը, փաստացի, մատնված է անտերության:


Պարզվում է՝ միգուցե ի զարմանս ոմանց, քաղաքում տիրող անտերության մթնոլորտը գերիշխող է դարձել ամենևին էլ ոչ քաղաքային իշխանությունների անտարբերության հետևանքով. քաղաքապետարանը համապատասխան նախագծանախահաշվային ծրագիր է ներկայացրել բնապահպանության նախարարություն' սելավատարի ամրացման և մաքրման ծրագիրը վերջապես կյանքի կոչելու համար, ինչի արդյունքում, սակայն, դաշնակցական Արծվիկ Մինասյանի կողմից ղեկավարվող նախարարությունը քաղաքապետին տեղեկացրել է, թե ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 270 միլիոն դրամը նախարարությունը չունի, ուստի՝ համայնքային իշխանությունները ստիպված են լինելու լցվել համբերությամբ ու սպասել՝ չնշելով որևիցե ժամկետ:


Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել ժողովրդի կենսական կարիքների համար անհրաժեշտ մի քանի հարյուր հազար դոլարի չլինելը՝ Մինասյանի նախարարության գրպանում, կարծում ենք՝ ավելի քան ակնհայտ է: Դատելով ամենայնից՝ նախարարությունում գտել են, որ այդ 250 միլիոնը ծախսելու շատ ավելի կարևոր տեղեր ու առիթներ կան ու նման փողեր թափել մի ինչ-որ Արթիկի բնակիչների վրա, որևիցե կերպ արդարացված չես համարի:


Իսկ թե ինչի արդյունք կարող է լինել նման մտածելակերպն, անկասկած, ավելի քան պարզ է. նախարար Արծվիկ Մինասյանը, դատելով սոցիալական նշանակության այսօրինակ խնդրի նկատմամբ նախարարության դրսևորած աններելի անտարբերության փաստից, այլևս հասկացել է, վերջապես ըմբռնել, որ ինքը վաղուց փիառվելու խնդիր չունի, իսկ յուր քաղաքական կարիերայի գագաթնակետն էլ հենց այն պաշտոնն է, որին հիմա նշանակված է: Ասել կուզի՝ ավելորդ անգամ կեղծ հումանիստ ձևանալու խնդիր՝ նախարարը չունի:


Նրանք, ովքեր հիշում են Արծվիկ Մինասյանի պատգամավորական գործունեությունը, կարող են աներկբայորեն վկայել, որ նա պատգամավոր եղած ժամանակ ամենևին էլ այսաստիճան անտարբեր մեկը չէր. չկար նիստ, ԱԺ-ում գրեթե չէր լինում գոնե մեկ աշխատանքային օր, որի ընթացքում Արծվիկ Մինասյանը չխոսեր. պետական կառավաման խնդիրներից մինչև սոցիալական լրջագույն պրոբլեմներ՝ շարունակ գտնվել են նրա ուշադրւթյան կենտրոնում ու դարձել իսկական քաղաքական բատալների թեմա:

 

Թե այս ամիսների ընթացքում հատկապես ինչ փոխվեց Արծվիկ Մինասյանի ներաշխարհում, որ վերջինս ժողովրդի մասին մտածող քաղաքական գործչից արագորեն վերածվեց անտարբերության ու «անհավեսության» գիրկն ընկած նախարարի, այնքան էլ, անկեղծ ասած, հասկանալի չէ: Գիտեինք, որ պաշտոնը հաճախ բացասական ազդեցություն է թողնում մարդկանց հոգեբանության վրա, բայց որ նույն այդ պաշտոնը կարող է գլխիվայր շուռ տալ Մինասյանին, ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող: Հարց է ծագում՝ եթե Մինասյանը դեռևս աշխատեր որպես պատգամավոր ու սույն խնդիրն ինքը ստիպված լիներ բնապահպանության նախարարության առջև բարձրաձայնել, ստանալով մերժողական պատասխան՝ ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքը: Արդյոք չէ՞ր շտապի լուտանքներ թափել նախախարության հասցեին՝ նախարարին մեղադրելով, ասենք, հումանիզմի պակասորդ ունենալու աններելի մեղքի մեջ... Պատասխանն, ինչ խոսք, ավելի քան ակներեև է:


Ցավոք, այս ամենը գեթ մեկ բան է նշանակում՝ Հայաստանում ամենաչգնահատվածն ու չարժևորվածը շարունակում է մնալ մարդը, երկրի քաղաքացին, ում հիշում են միայն հարկեր ու տուրքեր հավաքագրելիս կամ հայրենասիրական ճառեր արտասանելիս:

 

Մինասյանը հոսանքին հակառակ չի կարող գնալ. անգործ կմնա:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ