Վրաստանի խորհրդարանի բյուրոն ի գիտություն է ընդունել հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում երկու նոր՝ «Ազգային շարժում» եւ «Վրացական երազանք-կանաչներ» խմբակցությունների ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, ասված է խորհրդարանի նյութերում:
«Ազգային շարժում» խմբակցության ստեղծումն անհրաժեշտ է դարձել հունվարի սկզբին «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության պառակտումից հետո, երբ կուսակցությունից հեռացավ ղեկավարների մի մասը, այդ թվում՝ խորհրդարանի 21 պատգամավոր:
«Վրացական երազանք» կուսակցության նոր խմբակցության ստեղծման մասին հայտնի է դարձել հունվարի 23-ին:
Այն բանից հետո, երբ լիագումար նիստում խորհրդարանը ի գիտություն կընդունի նոր խմբակցությունների ստեղծումը, Վրաստանի օրենսդիր մարմնում կլինի տասը խմբակցություն, որոնցից վեցը կլինեն մեծամասնության խմբակցությունները, փոքրամասնությունը կունենա երկու խմբակցություն, կլինի նաեւ երկու անկախ խմբակցություն՝ «Վրաստանի հայրենասերները» եւ «Ազգային շարժումը»: