2017թ-ի փետրվարի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրաhայում ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների տեղի կունենա «Հեռավորություն» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Արվեստը հանուն ժողովրդավարության» քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն է մարդկության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի վրա:
Նախագծի շուրջ հավաքված են այն մարդիկ, որոնք քաղաքական հայացքների պատճառով ենթարկվել են ճնշումների, ձերբակալությունների և նրանց ընտանիքների անդամները:
Նմանատիպ նախագծերից բացի, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատում և դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում նաև միջազգային շատ կազմակերպություններ:
Human Rights Watch-ը հունվարի 12-ին հրապարակել էր մարդու իրավունքների վերաբերյալ 2016թ-ի ամփոփիչ զեկույցը, որում տեղ էր գտել նաև Ադրբեջանը:
Զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանում 2016թ-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների ու ճնշումների են ենթարկվել:
Ձերբակալվածներին առաջադրվում են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները քաղաքական են: