Երբեմն մեր հարգարժան օլիգարխների և լրագրողների շփումը ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Որոշ դեպքերում պատճառը զուտ անձնային որակներն են. գաղտնիք չէ, որ որոշ առանձնյակների դեպքում (խոսքը, բնականաբար, իրեն օրենքից դուրս կարծող խավի մասին է) մի փոքր դժվար է որևէ մակարդակի շփում երևակայել. այս անգամ երևի թե ավելի լավ է զերծ մնանք անուններ տալուց:
Սակայն այս ամենի կողքին պատահում են և այնպիսի իրավիճակներ, երբ տպավորություն է ստեղծվում, թե տվյալ անձնավորության հետ իսկապես անհնարին է շփվել, երբ սովորական մարդկային շփման դեպքում այդ անձնավորությանը նման որակում պարզապես անհնար է տալ: Սրա ամենավառ օրինակը Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի կողմից բացասական գնահատականի արժանացած պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Մհեր Արշակյանի միջև արձանագրված միջադեպն էր: Թե ինչն էր պատճառը, որ այդ անգամ Մհեր Սեդրակյանը հենց նման ձևով դրսևորեց իրեն և լրագրողի՝ հարց տալու պարզագույն ցանկությունից միանգամից հունից դուրս եկավ, գիտի երևի ինքը, բայց ասել, թե Մհեր Սեդրակյանին հենց նման վարքագիծն է ամենաբնորոշը, երևի թե այդքան էլ ճիշտ չի լինի:
Այսօր երկու Մհերները էլի հանդիպեցին: «Փոքր Մհերը»՝ Մհեր Արշակյանը, տեսնելով «Մեծ Մհերին», դիրքավորվել էր՝ ցանկանալով մի անգամ էլ մտնել նույն «գետը» և հարց տալ Սեդրակյանին: Ճիշտ է, պարոն Սեդրակյանը դեռ լիարժեք չի հարմարվել պատգամավորական առօրյային, նրան, որ որպես ժողովրդի ընտրյալ հայտնվելով երկրի խորհրդարանում՝ «ընտրյալը» նաև ինչ-որ տեղ պարտավորության տակ է ընկնում և մինչ այդ, թեկուզ 100-տոկոսանոց անհասանելի դիրքերից, պարտավոր է իջնել և հանրությանը ներկայացնել իր տեսակետները այս կամ այն հարցի շուրջ։ Սակայն գոնե այս անգամ, բարեբախտաբար, երկու Մհերների շփումն անցավ համեմատաբար բարեկրթության մթնոլորտում:
Ինչևէ, հանդիպման մասին կարելի է դատել տեսանյութից: Շփման ընթացքում Մհեր Սեդրակյանը, փորձելով ինչ-որ բան հասկացնել, ասում է. «Ինձ լավ չեք ճանաչում»: Կարծում ենք, «ճանաչողության» հնարավորություն պետք է տան նաև հենց իրենք՝ «բազմաթիվ անհայտներով» մեր ընտրյալները, որոնց վարքը, ի դեպ, երբ արգելում են իրենց հետ որևէ շփումը, միանգամայն հակառակ էֆեկտի դեր է խաղում՝ ստիպելով այդ «բազմաթիվ անհայտները» լրացնել լեգենդներով, ինչի հետևանքով էլ շատ-շատերի վերաբերյալ կարծիք է ձևավորված, թե խոսքը ոչ թե հոմո-սափիենսների, այլ գել ու գազանների մասին է, մինչդեռ...
Լուսինե Կեսոյան