Մարտի 25-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը, որից հետո ուղերձ է հղել ներկաներին:
Արդյո՞ք նախագահի ելույթը կարելի է գնահատել որպես նախընտրական ելույթ և ի՞նչ նկատի ուներ՝ ասելով. «աչքս չեմ թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանի հետ:
Մեզ հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ նախագահի ելույթն իր բովանդակությամբ ու տարբեր հարցերի ընդգրկման ամբողջականությամբ անչափ կարևոր էր, տեղին ու ժամանակին. «Այն որևէ կերպ չի կարելի համարել նախընտրական ելույթ կամ քարոզ, քանզի շոշափված հարցերն առաջին հերթին վերաբերում էին արցախյան հիմնախնդրի նկատմամբ մեր մոտեցումներին, նրա անվտանգությանն ու հետագա անելիքներին»:
Ուշագրավ էր, հատկապես, նախագահի խոսքի այն հատվածը, երբ ասաց. «աչքս չեմ թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:
Ըստ քաղաքագետի՝ խոսքի հասցեատերերը ոչ միայն Ադրբեջանն ու Ռուսաստանն են, այլ բոլորը. «Դա ուղղված է բոլորին, թե ներսում, թե դրսում, ուղղված է բոլոր նրանց, ովքեր կփորձեն դիմել արկածախնդրության, ովքեր ևս մեկ անգամ կփորձեն գնալ ուխտադրժության: Դա խոսք է՝ ուղղված մեր զինվորներին, սպաներին, Արցախի ու Հայաստանի բնակչությանն ու քաղաքացիներին, համայն հայությանը, որ մեր անվտանգության համար մենք ոչինչ չենք խնայելու: Դա խոսք էր՝ ուղղված բոլոր թերահավատներին, ովքեր կարող են կասկածել մեր վճռականության վրա, ովքեր կարող են կասկածել, որ մենք ունակ չենք պաշտպանել մեզ ու մեր հայրենիքը, նրա ամեն մի թիզ հողը, մեր ամեն մի զինվորին, մեր քաղաքացիներին, մեր ազգային շահը»:
Ելույթի ժամանակ նախագահն ուղերձ հղեց՝ կենտրոնանալ ավելի կարևոր հարցի վրա. խոսքը վերաբերում էր ապրիլի 2-ին՝ նշելով, որ այդ օրը որոշելու ենք՝ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ խնդիրն ում ենք վստահում: Անդրադառնալով նախագահի այս խոսքին, քաղաքագետը նշեց, որ խոսքն ասված էր շատ ուղիղ. «Ենթատեքստեր փնտրել պետք չէ: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ թե՛ օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառներից կախված՝ բավականին ծանր է մեր քաղաքացիների սոցիալական վիճակը, որի արդյունքում պոպուլիստական ու սին խոստումները հաճախ վճռական են դառնում քվեարկության ժամանակ, որից և օգտվում են ոմանք: Խոսքը նրա մասին էր, որ պետք է գնահատել իրական արժեքները, ու այսօրվա վիճակից կախված՝ չփորձել կառուցել ապագայի պատկերը, որ որոշումներ կայացնելիս չպետք է առաջնորդվել այժմեական խնդիրներով»,- խոսքը եզրափակեց նա:
Սոնա Հարությունյան