«Ծառուկյան» դաշինքի՝ մարտի 28-ի կանգառը Երևանն էր: Մարզահամերգային համալիրում կայացած «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը համակիրների հետ, պետք է նկատել` չափազանց մարդաշատ էր: Բազմահազար լսարանի առաջ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ում խոսքը լի էր խորքային մեսիջներով, որոնց էլ կցանկանայինք անդրադառնալ, վերլուծել:
Առաջինը, որ պարզ դարձավ Ծառուկյանի ելույթից, այն էր, որ այս քաղաքական ուժը միանգամայն վճռակամորեն է տրամադրված ու հաղթանակի իր դափնիները ոչ-ոքի չի պատրաստվում զիջել: Դաշինքը տեր է կանգնելու իր ստացած ամեն մի քվեին ու անելու է բառացիորեն ամեն ինչ՝ թույլ չտալու ձայների փոշիացում: Այս հանգամանքը, պետք է ասել, չափազանց կարևոր է, քանի որ ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, ընդդիմության պարտությունն իրականություն է դարձել հենց միայն այն պատճառով, որ կուսակցություններն իրենց մեջ ուժ չեն գտել տիրություն անելու ստացած քվեներին. «Ծառուկյան» դաշինքի պարագայում նմանօրինակ սցենարի հավանականությունը զրոյական է, ու այս ուժին տրված ամեն մի քվե երբեք ու երբեք չի փոշիանալու:
Հաջորդ կարևոր ուղերձը, որ Ծառուկյանն իր խոսքում ուղղեց հասարակությանն, այն էր, որ հաղթանակի պարագայում իր կողմից գլխավորած ուժն անելու է ամեն բան՝ երկրի տնտեսությունը ճահճացած վիճակից դուրս բերելու համար: Դրան հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է լինելու վերանայել այն սկզբունքները, որոնցով կառավարվում է երկիրը. «Լավը պետք է խրախուսվի, վատը հեռացվի» սկզբունքը չնայած թվում է միանգամայն բանալ, սակայն փաստ է, որ հենց այս պարզ սկզբունքի բացակայության պատճառով է հիմնականում, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է թերի, ինչի արդյունքում տուժում է նաև երկրի տնտեսական գրավչությունն օտարերկրյա ներդրողների աչքում:
Այսպիսով՝ Ծառուկյանը ստեղծված իրավիճակին պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ լուծում է առաջարկում, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա ներդրումների ներգրավվածություն ապահովել` մեր երկիր ու նույնիսկ միլիարդավոր դոլարների ինվեստիցիաներ բերել Հայաստան. վերջինս հնարավոր է դառնալու շնորհիվ «Ծառուկյան» դաշինքի արտասահմանյան գործընկերների, ովքեր մինչև վերջ սատարելու են առաջատար քաղաքական ուժին նրա բոլոր ձեռնարկներում՝ պատրաստակամություն հայտնելով սեփական ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության վերականգնման գործում, ինչի առհավատչյան վստահությունն է առ «Ծառուկյան» դաշինքն ու այս ուժի կողմից առաջ քաշված ծրագրերի իրատեսական լինելը:
Հաջորդը, որին Ծառուկյանն իր խոսքում ուշադրություն դարձրեց, քարոզարշավն էր. ևս մեկ անգամ շեշտվեց այն ճշմարտությունը, որ այս կամ այն քաղաքական ուժի դեմ հակափիառով զբաղվում են բացառապես նրանք, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու փորձում են այլոց փնովելու ճանապարհով քաղաքական դիվիդենտներ հավաքել: «Ծառուկյան» դաշինքը, սակայն, միանգամայն այլ ուղի է ընտրել՝ ներկայացնելու սեփական ծրագրերը ժողովրդին, ինչը, պետք է նկատել, տվել է իր բարի պտուղները. այս քաղաքական ուժը սեփական օրինակով ապացուցեց, որ իրական վարկանիշը ձեռք է բերվում ոչ թե այլոց սևացնելով, այլ՝ մրցունակ ծրագրեր առաջ քաշելով, ոչ թե մաղձ ու ատելություն չորսբոլորը տարածելով, այլ՝ քաղաքակիրթ ընտրապայքար իրականացնելով:
Այսպիսով՝ բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝ անհնարին ոչինչ չկա, ու եթե ցանկություն լինի, եթե համապատասխան քաղաքական կամք լինի, Հայաստանը միանշանակորեն կարելի է դուրս բերել այն ճահճացած վիճակից, որում այժմ հայտնվել է: Նրանք, ովքեր, հոռետեսություն են սերմանում ժողովրդի շրջանում ու փորձում համոզել, թե իրավիճակ շտկելն անիրատեսական է, ընդամենը մեկ բանով են զբաղված. կոծկում են սեփական անգործությունը. չկա խնդիր, որ լուծում չունենա, չկա պրոբլեմ, որի լուծման բանալին չգտնվի: «Ծառուկյան» դաշիքնը ոչ միայն հստակ պատկերացում ունի երկրի առջև ծառացած պրոբլեմների մասին, այլև մշակել է դրանց հաղթահարման ձևերն ու նախանշել ուղիները:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ