Հայաստանում վառելիքի շուկայում արձանագրվել է բենզինի, դիզելային վառելիքի գնաճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով 2017 թ. առաջին երեք ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության արդյունքները:
Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով՝ բենզինի գները հունվարին նվազել էին 3.3 %-ով, այնուհետև զգալի աճ գրանցել. «Փետրվարին վառելիքի գները սպառողական շուկայում բարձրացել են էական՝ 9.2 %-ով, իսկ մարտին՝ 2.5%-ով: Տարվա առաջին երեք ամիսների ընթացքում բենզինի շուկայում արձանագրվել է 8.2% գնաճ: Նախորդ տարվա համեմատ՝ բենզինի գինն այժմ ցածր է 2.4 %-ով»:
Անդրադառնալով դիզելային վառելիքին, Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ երեք ամիսներին նկատելի է ընդհանուր գնաճ՝ 13.1%. «Դիզելային վառելիքի գինը բարձրացել է հունվար ամսին՝ 0.8 %, փետրվարին՝ 10.1 %, իսկ մարտին՝ 2.0 %: Անցած տարվա համեմատ՝ դիզելային վառելիքի գներն աճել են 1.4 %-ով»:
Օրեր առաջ ներկայացրել ենք՝ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ բենզինի գինը աճել է 1 լիտրի հաշվով 10 դրամով. «Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամից դարձել է 380 դրամ: Քանի որ բենզինի շուկան գտնվում է հանձնաժողովի մշտական վերահսկողության դաշտում, կատարվել է համապատասխան ուսումնասիրություն՝ տեղի ունեցած փոփոխության պատճառը պարզելու նպատակով: Բենզինի ներկրմամբ զբաղվող խոշոր տնտեսվարողներից և համապատասխան պետական մարմիններից ստացված փաստաթղթային տեղեկատվության համաձայն, գնագոյացման շղթայում տեղի է ունեցել փոփոխություն՝ ձեռքբերման գնի բարձրացման մասով, ինչն էլ անդրադարձել է բենզինի սպառման գնի վրա»:
Սոնա Հարությունյան