ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով երեկվանից համացանցը հեղեղած Արտակ Սարգսյանին վերաբերող աղմկահարույց ձայնագրության մասին, շեշտեց, որ ձայնագրությունը վարչական ռեսուրսի կիրառման ապացույց է. «Ես վստահ եմ, որ սա միակ դեպքը չէ, վարչական ռեսուրսի կիրառման նման օրինակներ այլ վայրերում էլ են եղել: Հետևաբար, պետք  է համապատասխան մարմինները հետևողականություն դրսևորեն այս հարցում և եթե պարզվի, որ քաղաքացիների վրա ճնշում է կիրառվել, ապա պետք է կիրառողները պատասխանատվության ենթարկվեն»:


Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե հիմքեր լինեն, որոնցով հնարավոր կլինի ապացուցել և փաստել, որ քաղաքացիներն ազատ չեն եղել իրենց կամարտահայտության մեջ,  ապա այն ընտրատարածքներում, որտեղ  առաջադրվել է Արտակ Սարգսյանը, պետք է նոր ընտրություններ անցկացվեն:

 

Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, որ, եթե նշում է, որ այս ձայնագրությունը վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, այդ դեպքում՝ ինչո՞ւ  ԵԼՔ դաշինքը չմիացավ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին՝ համատեղ դիմելու Սահմանադրական դատարան, ինչն այդ դաշինքն արեց միայնակ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք նման փաստեր չունեինք, եթե մեր ձեռքի տակ լինեին նման հիմքեր, անձամբ կդիմեինք Սահմանադրական դատարան: ԵԼՔ դաշինքն, ի տարբերություն ՀԱԿ-ի՝ հանձնաժողովներում չի ունեցել անդամներ, նախագահներ և, բնականաբար, նման փաստեր չէր կարող ունենալ: Իսկ եթե ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական դատարան, նշանակում է, որ իր հանձնաժողովների անդամները փաստեր ունեն: Ուստի, կսպասենք, թող քննությունն ընթանա, մենք էլ կհետևենք ընթացքին»: 


Աղավնի Սուքիասյան