2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով կալանավորված Հրաչյա Բոյաջյանը դադարեցրել է ապրիլի 5-ից սկսած հացադուլը: Նա շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Դատապարտյալը բողոքում էր իր մեղադրանքից և հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը հայտնել էր, որ հացադուլի միջոցով իր պաշտպանյալը պահանջում է փոխել իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Հացադուլի պատճառը հիմնականում կապված է քրեական գործի հետ, համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքներին»:
Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերից հետո Հրաչյա Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Սոնա Հարությունյան