Մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովը կգումարի առաջին նիստը:

 

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը: Քանի որ երեկ քաղաքական իրավիճակ փոխվեց, պայքարի արդյունքում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մանդատ ստացավ, վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը վարելու է հենց նա։

 

Թե ինչի մասին է խոսելու Նապոլեոն Ազիզյանը, ինչ հայտարարություններ է անելու ԱԺ 6րդ գումարման առաջին նիստին, ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց պարզել հենց պատագամավորից։

 

Մեզ հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանը նշեց, որ այդ օրը հայտարարություն անելու կարիք չկա և ընդգծեց․ «Ժամանակ շատ կլինի հայտարարություններ անելու համար էլ, խոսելու համար էլ»։

 

Նրա խոսքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքով ինչ թույլատրելի է, դա էլ կլինի․ «Աժ կանոնակարգ օրենքով բացումն ենք անելու, խոսնակ ենք ընտրելու։ Սակայն դեռ հստակ չգիտեմ, ինչ որ միշտ արվել է, այդպես էլ կանենք»։


Հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված որևէ հայտարությամբ հանդես կգա և կբարձրաձայնի պատգամավորների ոտնահարված իրավունքների մասին, Ազիզյանը պատասխանեց․

 

«Ես ոչ մեկի փոխարեն չեմ ուզում ինչ-որ բան ասել, ավելի լավ կլինի՝ իրենք ասեն։ Ինչ վերաբերվում է ինձ, ես արդեն ասել եմ, որ ապրիլի 2-ից ես ոտքս ցավելու պատճառով տանը պառկած եմ եղել ու տանից դուրս չեմ եկել, և, բնականաբար, չէի կարող գնալ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու: Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացնում են կա՛մ նոտաարական վավերացմամբ, կա՛մ գնում են ԿԸՀ՝ հայտարարություն ներկայացնելու։ Քանի որ ես մեկ ամիս է՝ դուրս չեմ եկել տնից, հնարավոր չէր, որ ես այդիսի բան անեի։ Իմ ներկայացուցիչը գնացել է, ներկայացրել է փաստերը և արդյունքը գիտեք արդեն»,- խոսքը եզրափակեց պատգամավորը։

 

Հիշեցնենք՝ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց այն թեկնածուների ցուցակը, որոնք ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել: Ցուցակում կար նաև «Ծառուկյան» դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի անունը, որը 4-րդ ընտրատարածքում այս դաշինքի հաղթած թեկնածուն է:


Նշենք նաև, որ երեկ վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ ԿԸՀ-ի հրապարակած մանդատից հրաժարվողների ցուցակում էլ իր անունը հայտնվել է առանց իր իմացության։ Սակայն, Նապոլեոն Ազիզյանը երեկ դիմում էր ներկայացրել ԿԸՀ և ստացել իր մանդատը։


Սոնա Հարությունյան